Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անհետ կորածների հարազատներն ամեն րոպե սպասում են նրանց վերադարձին

Հունիս 29,2017 16:14

Ռոմելլա Գարակյանը անհետ կորած Գուրգեն Գարակյանի կինն է:

-Ամուսինս անհետ կորել է 1994 թվականի ապրիլին: Պատկերացում չունեն, թե որ տարածքում կարող էր լինել: Որ իմացանք, սկսեցինք փնտրել: Իր հարազատները Ստեփանակերտում փնտրեցին, բայց չգտան: Նույնիսկ ադրբեջանցու գերի վերցրեցին, որ ամուսնուս հետ փոխանակեն, բայց դա էլ չստացվեց:

Ոչ հույսս եմ կորցրել, որ մի օր կվերադառնա, ոչ էլ հավատում եմ, չգիտեմ… հիմա 56 տարեկան կլիներ… 2 աղջիկ ու մի տղա ունեմ, 6 թոռ, իրենցով եմ ապրում ու ուրախանում:

Սիրուշ Հակոբյանը Վահե Եղշատյանի մայրն է:

-17 տարեկան էր տղաս, 1993 թվականի մայիս 10-ին կամավոր մեկնեց Ղարաբաղ: Հայրենասեր էր շատ, մեզնից գաղտնի 2 անգամ որոշել էր, որ գնա, բայց հայրն ու քեռին հետ բերեցին: Վերջին անգամը չստացվեց, քեռին մահացել էր, մենք խառնված էինք, ինքը ընկերների հետ թաքուն գնաց: Մայիսի 21-ին Ստեփանակերտում պրիսյագն ընդունել է ու տանկի հրամանատար են նշանակել:

Տանկի վրա կրակել էին, երկուսը մահացել էին, տղաս ու մի քանի հոգի գերի են ընկել: Իրենցից ոչ մեկից մինչեւ այսօր լուր չկա: Հրամանատարն ասեց, որ գերի է ընկել, տեղեկություն ուներ, բայց հրամանատարն էլ զոհվեց ու հետքերն ավելի կորավ: Ինչքան փնտրել ենք, ոչ մի լուր չկա:

Էս քառօրյա պատերազմից հետո հույսս կտրվեց, ներսս ամայություն է, ոչ մի բան չեմ զգում: Մինչեւ այդ, թե ինչ-որ պատրանքներով սպասում էի, քառօրյայից հետո լրիվ հուսակտրվեցի:

Սուսաննա Թումանյանը Կարեն Սաֆարյանի մայրն է:

-Տղաս 20 տարեկան էր: Դուցում էր ծառայում: Մի քանի ամսվա ծառայող էր տարան Քելբաջար, հետո վերադարձավ: Ընկերներն Արծիվ մականունն էին կնքել իրեն: Դե որ Դուցում էր ծառայում, մեր տանից մոտիկ էր, անընդհատ գնում-գալիս էր: 1994-ի փետրվարն էր, տեսնեմ իրա ոչ սովորական համազգեստով է եկել: Ասեցինք, բա ինչի ես այս հագուստով, ասեց «մամ, մեր տղաներին տարել են դիրքեր, նրանց փոխարեն մենք ենք կանգնելու: Դրա համար էլ էս հագուստն եմ հագել»: Բայց, փաստորեն արդեն տանում էին Քելբաջար, ինքը շրջապատում, ընկերներին, ասել էր, որ ես գնում եմ Ղարաբաղ, բայց մեզ ոչինչ չէր ասել, գաղտնի էր պահել… գնաց ու գնաց…

Գերությունից մեկը եկել էր, ամուսինս ու եղբայրս գնացին, խմբակային նկար տարան: Այդ տղան իմ տղային ճանաչել էր, ասել, որ միասին Բաքվի հոսպիտալում են եղել: Մի քանի րոպե կարողացել են շփվել ու վերջ: Ասեց, որ ձեռքը վիրավոր է եղել, հետո տեսել են, որ լավ է եղել, տարել են: Հիմա էլ ոչինչ չգիտեմ, ողջ է, առողջ է, որտեղ է, ինչ է անում…Ամեն օր սպասում եմ…

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930