Համացանցում սկսել են լուրեր շրջանառվել, թե ըստ խոսակցությունների ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզիկներին խոտացած գումարները չի վճարում:
Այսօր նախկին եւ ներկայիս մի քանի առաջատար մարզիկներ զանգեցին մեզ եւ իրենց անհամաձայնությունը հայտնեցին այդ լուրերին:
Մասնավորապես, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վաղինակ Գալուստյանը հեռախոսով ասաց. «Տարածվող այդ լուրերն ապատեղեկատվություն են ու անհասկանալի է, թե ինչի համար են ժամանակ առ ժամանակ համացանցում տարածվում: Բոլորն էլ շատ հստակ տեսնում են, թե Գագիկ Ծառուկյանը իր անձնական միջոցներով ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության մարզերում ժամանակակից ու հարմարավետ ինչպիսի մարզաբազաներ ու մանկապատանեկան մարզադպրոցներ է կառուցում եւ հիմնանորոգում, ինչը ոչ միայն առողջ սերունդ աճեցնելու հիմքն է, այլեւ մեծ սպորտում բարձրագույն նվաճումների հասնելու գլխավոր պայմանը: ՀԱՕԿ նախագահը պետական աջակցությանը զուգահեռ քանի՜ մարզաձեւերի տարբեր տարիքային խմբերի հավաքականների է աջակցել ու աջակցում ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու համար, վնասվածք ստացած քանի՜ մարզիկի բուժման կազմակերպումն է հոգում աշխարհի լավագույն կլինիկաներում իրականացնելու համար, քանի՜ մարզիկի ու մարզչի է շռայլ խրախուսել բնակարաններով, ավտոմեքենաներով ու գումարով»:
Իսկ բռնցքամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Հովհաննես Բաչկովը ցանկություն հայտնեց հրապարակել, որ իր մարզական նվաճումները միշտ էլ արժանացել են Գագիկ Ծառուկյանի գնահատանքին: «Անգամ Եվրոպայի պատանիների առաջնությունում մեդալ նվաճելու համար եմ ես պարոն Ծառուկյանից դրամական խրախուսանքի արժանացել», – ասաց Հովհաննես Բաչկովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ