Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեզվաբանի ամուսնու սպանության գործ. «Հստակ որեւէ մեկին ցույց չտալով ասաց՝ «մարդասպաններ, տղայիս սպանեցիք…» (Տեսանյութ)

Հունիս 29,2017 15:37

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նիստը չկայացավ. ամբաստանյալներին կալանավայրից չէին բերել, պաշտպաններից մեկն էլ գրությամբ դիմել էր դատարանին՝ խնդրելով հետաձգել նիստը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսին Նուբարաշենի խճուղում սպանվել էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինը՝ Եղիշե Խաչատրյանը: Ըստ մեղադրանքի՝ Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ՝ ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել նրա կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել կյանքից:

Առաջիկա նիստում շարունակվելու է Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը: Նախորդն ընդհատվել էր, քանի որ կինն իրեն վատ էր զգում: Մթնոլորտը թեժացել էր հատկապես այն պահից, երբ պատասխանող կողմը հայտարարել էր, թե կնոջը դատարանից հուշել են, թե ամբաստանյալներից ով ով է:

«Ինձ մոտ բավականին հարցեր են առաջացել նրա ցուցմունքի հետ կապված, որոնք առայժմ չեմ կարող բարձրաձայնել: Իմ պաշտպանյալի մասով կարող եմ ասել՝ երբ տիկին Աբրահամյանը ճանաչման նպատակով մտավ սենյակ, որտեղ պետք է կատարվեր ճանաչման գործողությունը, պարզապես ձեռնափայտն այս ու այն կողմ շարժեց՝ հստակ որեւէ մեկին ցույց չտալով: Ասաց՝ «մարդասպաններ, տղայիս սպանեցիք…»: Դա առաջին խնդիրն է: Երկրորդը՝ եթե անձը տեսել է եւ ճանաչում է, հնարավոր չի շփոթել, իսկ նախորդ նիստում նա ուղղակի չգիտեր՝ ո՞ւմ ճանաչել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալներից Արարատ Նիկողոսյանի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ քանի դեռ Էմմա Աբրահամյանին դահլիճից չհուշեցին, թե ամբաստանյալներից ով ով է, տիկինը չկողմնորոշվեց:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930