Հայաստանում հունիսի 29-ին նշում են անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրը։ Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորած են համարվում 950 քաղաքացիներ, նրանցից 400-ն ազատամարտիկներ ու զինծառայողներ են, իսկ 550-ը՝ Մարտակերտի շրջանի խաղաղ բնակիչներ: Լոռու մարզից անհայտ կորած է համարվում 15 հոգի:
Արդեն մի քանի տարի է, ինչ Վանաձորում տեղադրված անհետ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան-հուշակոթողի մոտ հավաքվում են նրանց հարազատներն ու բարեկամները, պետական ու հոգեւոր այրեր, ԵԿՄ անդամներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքի նվիրյալներին:
-Մենք հավաքվում եք այստեղ, արժեւորելու, որ իրենք իրենց կյանքն անհետացրեցին, որպեսզի մեր պատմությունը հայտնի դառնա, որպեսզի մեր ազգը, մեր պետությունը հայտնի լինի: Իրենք մինչեւ իրենց կյանքի վերջին պահը պայքարեցին մեր պետության սահմանները պահելու համար,- իր խոսքում ասաց Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա Տեր Աբրահամ Մարտիրոսյանը:
-Հարգելի ծնողներ, ես մխիթարանքի խոսք չեմ կարող ասել ձեզ, բայց ես գիտեմ, թե ինչ պատասխանատվություն է լինել հերոսի մայր: Այդ տղաների արյամբ, նաեւ այսօր ֆիզիկապես ձեր կողքը չլինելու արդյունքն է, որ այսօր մենք կանգնած ՀՀ խաղաղ երկնքի ներքո, ոգեկոչում ենք իրենց անմահ հիշատակը: Փա՜ռք իրենց,-ասում է Վանաձորի փոխքաղաքապետ, պատմաբան Արման Բերնեցյանը:
Ներկաները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին, եւս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցելով հերոսներին, հույսով ու հավատով, որ մի օր նրանք անպայման տուն կվերադառնան:
Իսկ Լոռու մարզպետի անունից անհետ կորածների հարազատներին տրամադրվեց որոշակի դրամական օգնություն:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ