Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ. «Ադրբեջանը երբեք այսքան հեռու չի եղել մարդու կյանքի իրավունքը և արժանապատվությունը հարգելու քաղաքականությունից»

Հունիս 29,2017 14:55

Ս.թ. հունիսի 20-ին դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում է հայտնվել ՀՀ քաղաքացի 43-ամյա Զավեն Կարապետյանը։ Հունիսի 21-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել հայկական կողմից դիվերսիա կազմակերպելու փորձի և հայ զինծառայողի գերեվարման մասին։ Նույն օրը Ադրբեջանի ՊՆ կողմից տեսանյութ է տարածվել, որում «դիվերսանտը» ներկայանում է որպես 1974թ. ծնված Զավեն Հովհաննեսի Կարապետյան Տավուշի մարզի Դովեղ գյուղից։

Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց դիվերսիայի որևէ փորձ իրականացնելու և զինծառայող կորցնելու վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը հայտնեց, որ իրենց համայնքում նման անձ չի բնակվում։

Մինչդեռ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հաստատեց, որ տեսանյութում Վանաձորի բնակիչ Զավեն Կարապետյանն է։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» հարկ է համարում հիշեցնել, որ 2014 թվականին Ադրբեջանի տարածքում էր հայտնվել ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանը, որին նույնպես ադրբեջանական կողմը ներկայացնում էր որպես դիվերսանտ։ Կարեն Պետրոսյանը գերեվարվել է 2014թ. օգոստոսի 7-ին, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ին մահացել անազատության մեջ։ Նրա մարմինը վերադարձվել է խոշտանգված։

Նույն տարում՝ ավելի վաղ հայ-ադրբեջանական սահմանը հատել էր նաև ՀՀ քաղաքացի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով Ադրբեջանում մեկ ամսից ավելի գերության մեջ էր մնացել՝ նույնպես ենթարկվելով խոշտանգումների։ Նա հայկական կողմին վերադարձվել էր առողջական լուրջ խնդիրներով և երկու ամիս անց՝ մայիսի 20-ին մահացել։

Գնահատելով Ադրբեջանի գործողությունները` Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Արտակ Կիրակոսյանը փաստում է, որ վերջին տարիներին ավելի ակնհայտ է դարձել ադրբեջանական իշխանությունների և, առհասարակ, հասարակության հակամարդկային վերաբերմունքը։ «Ադրբեջանը երբեք այսքան հեռու չի եղել մարդու կյանքի իրավունքը և արժանապատվությունը հարգելու քաղաքականությունից, ինչը ՀՀ քաղաքացու ճակատագրով մտահոգվելու լուրջ պատճառ է»,- նշել է Ա.Կիրակոսյանը:

Հաշվի առնելով վերոգրյալ նախադեպերը` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» կոչ է անում.

Միջազգային իրավասու բոլոր ատյաններին, մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, ՄԱԿ-ին և Եվրոպայի Խորհրդին՝

անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացու վերադարձման և նրա անվտանգության ապահովման ուղղությամբ։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝

-բարձրացնել գերեվարված ՀՀ քաղաքացու հարցը բոլոր իրավասու միջազգային կառույցներում և պահանջել միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացու վերադարձման և նրա անվտանգության ապահովման ուղղությամբ։

ՀՀ իշխանություններին՝

ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ սահմանային ռեժիմի պատշաճ կառավարում իրականացնելու և ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, որպեսզի ՀՀ քաղաքացիները չհայտնվեն Ադրբեջանի տարածքում։

 

Ադրբեջանի իշխանություններին՝

-հավատարիմ մնալ Մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերով և 1949 թ. Ժնևյան կոնվենցիաներով և կից արձանագրություններով ստանձնած իր պարտավորություններին, ինչպես նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու Զավեն Կարապետյանի ֆիզիկական անվտանգությունը մինչև նրա Հայաստան վերադառնալը:

 

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930