Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատարանների գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության տեսանկյունից. վարչապետը հանձնարարական է տվել դատարանների բեռնաթափման վերաբերյալ

Հունիս 29,2017 14:50

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Անդրադառնալով դատարանների բեռնաթափման անհրաժեշտությանը՝ վարչապետը նշել է. «Դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տևողությանը: Պետք է արձանագրել, որ դատական գործերի քննության երկար տևողությունը պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով: Միայն 2016 թվականի ընթացքում դատարաններում առկա է եղել շուրջ 133 հազար քաղաքացիական գործ: Դատարանների նման գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության տեսանկյունից»:

Այդ ամենը հաշվի առնելով և ելնելով դատարանների բեռնաթափմանան անհրաժեշտությունից՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին 3-ամսյա ժամկետում վիճակագրական արդյունքների հիման վրա վեր հանել դատարաններում առկա քաղաքացիական գործերի այն տեսակները, որոնք կազմում են քննվող գործերի գերակշիռ մասը, ուսումնասիրել նման գործերը արտադատական, ինչպես նաև այլ պարզեցված մեխանիզմներով լուծելու հնարավորությունները և կառավարությանը ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Հանձնարարվել է նաև ըստ անհրաժեշտության հարցը քննարկել նաև շահագրգիռ այլ մարմինների հետ:

Քայլեր կձեռնարկվեն երկրատեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ

Երկրատեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «2016 թվականին մեր կողմից նախաձեռնվեց տնտեսության տարբեր ոլորտներում ճյուղային երկրատեղեկատվական համակարգերի ներդրման ծրագրեր: Երևան քաղաքում արդեն իսկ ներդրվել է այդ համակարգը, օգոստոս ամսից այն հասանելի կլինի Գյումրի քաղաքում, տարեվերջին՝ Վանաձորում: Ելնելով մեր կողմից որդեգրած թվային օրակարգի հրամայականից, միաժամանակ նշված համակարգերի ինտեգրման և դրա միջոցով տնտեսական արդյունավետության խթանման հնարավորություններից՝ հանձնարարում եմ         հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 3-շաբաթյա ժամկետում ուսումնասիրել և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ներկայացնել առկա թվային քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկատվություն, երկրատեղեկատվական համակարգի բնագավառում իրականացված աշխատանքների նկարագիր՝ դրանք կադաստրի պետական կոմիտեի գեոպորտալին ինտեգրելու նպատակով»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին ապահովել առաջին կետով սահմանված տեղեկատվության տեղական ինքնակառավարման մարմիններից հավաքագրումը:          ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ներկայացնել իրենց տնօրինման տակ գտնվող և/կամ շահագործման հանձնված գծային ենթակառուցվածքների հանութագրման նյութերը, իսկ դրանց բացակայության դեպքում` ներկայացնել հանութագրման աշխատանքների կազմակերպման հստակ ժամանակացույց: Վարչապետը հանձնարարել է նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին 1-ին և 2-րդ կետերով ներկայացված տվյալները ստանալուն պես 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ համապատասխան նյութերը կադաստրի պետական կոմիտեի գեոպորտալ ներբեռնելու վերաբերյալ:

«Շատ կարևոր է, որ օգտատերերը ներկայացնեն այդ համակարգի բարելավման վերաբերյալ առաջարկություններ: Այսօր Երևան քաղաքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ենթակառուցվածքների միանալու դեպքում, կարող է այդ համակարգից օգտվել և հասկանալ, թե տվյալ հասցեի մոտակայքում՝ էլեկտրաէներգիա,  գազ, ջուր, ինտերնետ և այլ ծառայություններ ստանալու ինչ հնարավորություններ կան»,-նշել է վարչապետը և հավելել, որ դա կնպաստի, որ գործարար աշխարհը, մեր քաղաքացիները տեղեկանան, թե ինչպիսի պոտենցիալ հնարավորություններ կան: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ համակարգի ներդրումը չի բերելու վարչարարության և ռիսկերի ավելացմանը: «Չափազանց կարևոր գործընթաց ենք սկսել և շատ հետևողական շարժվելու ենք առաջ՝ գույքագրելու և ունենալու ենք մի համակարգ, որը հասանելի է լինելու մեր քաղաքացուն և գործարարին»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է նաև, որ առաջարկվել է համայնքների ղեկավարներին միանալ այս համակարգին ներկայացնելով իրենց իրավասության տակ գտնվող տեղեկատվությունը, մասնավորապես, համայքի գլխավոր հատակագիծը և այլ գրաֆիկական նյութեր, ինչը հնարավորություն կտա գործարարին տեղեկանալ իրեն հետաքրքրող հատվածում առկա ենթակառուցվածքների մասին:

Միջոցներ կձեռնարկվեն ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ

Անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին՝ կառավարության ղեկավարը նշել է. ««Մաքուր Հայաստան» ծրագրի իրագործման շրջանակներում իրականացվել են մի շարք գործողություններ: Աղբահանության և հանրապետության տարածքում փակվել են 1480 աղբանոցներ: Սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայնքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերությունների»:

Նշված և ծրագրի շրջանակներում նախատեսված այլ գործողությունների իրականացման շարունակականության ապահովման նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետներին 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը, ինչպես նաև աղբավայրերի արտոնագրման չափանիշները: Հանձնարարվել է ապահովել հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:        Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը միջոցներ կձեռնարկվեն ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ:       Ըստ կառավարության 2017 թվականի միջոցառումների ծրագրով հաստատված ժամկետների՝ կառավարության աշխատակազմ կներկայացվեն Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգերը:

Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվել է, թե երբ է ներկայացվելու ծառայությունների և տուգանքների կիրառման վերաբերյալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ այն նախատեսվում է կառավարության քննարկմանը ներկայացնել օգոստոսի առաջին տասնօրյակում, իսկ սեպտեմբերին՝ ԱԺ:

Ստուգումների կասեցումը մինչև տարեվերջ երկարաձգելու վերաբերյալ որոշման նախագիծ կներկայացվի

Տեսչական ստուգումների կասեցումը երկարաձգելու վերաբերյալ կառավարության ղեկավարը նշել է. «2017 թվականի հունվարի 26-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ (46-Ա) մինչև 2017թ. հուլիսի 1-ը, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների, սահմանափակել ենք տեսչությունների կողմից իրականացվող ստուգումները»։ Հաշվի առնելով Հայաստանում տեսչական բարեփոխումների շրջանակում այս փուլում իրականացվող օպտիմալացման աշխատանքները, ինչպես նաև տնտեսավարողներին որոշակի ժամանակահատվածով ստուգումների բեռից ազատման անհրաժեշտությունը` վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին ՀՀ կառավարության հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ ստուգումների կասեցումը մինչև տարեվերջ երկարաձգելու վերաբերյալ։ «Մեր հանրությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ ստուգումների ժամանակավոր կասեցումը նպատակ ունի բիզնեսին զերծ պահել անհարկի տեսչական միջամտություններից: Ստուգումների սահմանափակումը չի տարածվում բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների վրա։ Այսինքն՝ ստուգումները շարունակվելու են բոլոր այն դեպքերում, որոնք էական վտանգ են սպառնում մարդու կյանքին և առողջությանը, հանրային անվտանգությանը, այլոց իրավունքներին»,- ասել է գործադիրի ղեկավարը, հավելելով, որ մինչ բարեփոխումներին ուղղված աշխատանքների ավարտը, համակարգի վերջնական ձևավորումը՝ խնդրին այս լուծումը կտրվի:

Լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանի ներդրման արդյունքում կբարձրանա ծառայությունների որակը, կնվազեն՝ ծախսերը, կոռուպցիոն ռիսկերը

Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակն է պետական մարմինների կողմից լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեության տեսակների գրանցման համար վարվող գրանցամատյանների թվայնացում և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում: Արդյունքում՝ բոլոր պետական մարմինները հնարավորություն կունենան միևնույն ծառայությունները մատուցել էլեկտրոնային տարբերակով՝ կիրառելով նույնական չափանիշներ: Կստեղծվի նաև միասնական տեղեկատվական բազա: Հիմնավորման համաձայն՝ օրինագծերի ընդունումը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի 22-րդ կետից: Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը: Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի գրանցամատյանից տեղեկությունները տրամադրել նաև էլեկտրոնային տարբերակով, արդյունքում ժամանակատարության և տրամադրված տեղեկատվության հավաստիության խնդիրներ չեն առաջանա: Բացի այդ, հնարավոր կլինի համակարգել լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ տարբեր մարմինների իրավասության ներքո գտնվող տեղեկատվությունը:

Զինծառայող Ռոլանդ Սահակյանի բուժման և վերականգնման վերջնական ընթացքն ապահովելու համար գործադիրը նոր միջոցներ է հատկացրել

Առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային և բազմաբեկորային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարությունը Պաշտպանության նախարարությանը կհատկացնի 3 մլն 495 հազար դրամ: Ընթացիկ տարվա մայիսին կառավարությունը Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու համար հատկացրել էր 4 մլն 138 հազ. դրամ: ՌԴ համապատասխան բժշկական վերականգնողական կենտրոնի ներկայացրած փաստաթղթերի համաձայն, Ռ. Սահակյանի բուժման և վերականգնման վերջնական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 413.700 ՌԴ ռուբլի, որի հիման վրա էլ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում են նոր միջոցներ:

Հաստատվել են ոչ պարենային արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին հնարավորություն է տրվել  ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնել ստուգումներ՝ հաստատված ստուգաթերթերի միջոցով: Որոշմամբ սահմանվել է տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը: Այսպիսով, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Հայաստանում, ըստ գնահատված ռիսկի, վերահսկվող կազմակերպությունների նկատմամբ տարբերակված մոտեցում կցուցաբերի և կանցկացնի ստուգումներ առավելապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպություններում: Արդյունքում՝ տեսչական մարմնի ներուժը կօգտագործվի առավել արդյունավետ: Բացի այդ, կստեղծվեն իրատեսական նոր հիմքեր ոլորտում օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման և կանխարգելման համար:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը:

Կսահմանվեն գնումների համակարգողի որակավորման շնորհման քննության կազմակերպման հետ կապված հարաբերությունները

Գործադիրը հաստատել է գնումների համակարգողների որակավորման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման անցկացման կարգը: Արդյունքում կսահմանվեն գնումների համակարգողի որակավորման շնորհման քննության կազմակերպման հետ կապված հարաբերությունները,             գնումների համակարգողի որակավորման շնորհման քննությանը մասնակցելու կարգը, քննության անցկացման և որակավորման շնորհման, գնումների համակարգողի որակավորման դադարեցման, գնումների համակարգողների շարունակական մասնագիտական վերապատրաստման հետ կապված հարաբերությունները և այլն: Մասնավորապես, քննությանը կարող է մասնակցել այն անձը, ով քննությանը մասնակցելու էլեկտրոնային համակարգում գրանցվելու օրվա դրությամբ`ունի բարձրագույն կրթություն, դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատապարտված չէ կամ չի եղել դիտավորությամբ կատարված հանցագործության համար, բացառությամբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու դեպքի, դատական կարգով չի զրկվել հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ներառված չէ գնումների համակարգողի որակավորումը դադարեցված անձանց ցուցակում:

Կստեղծվի Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ

Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով կստեղծվի Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017 թվականի հունիսի 13-ին կայացած նիստում որոշվել է վերջինիս գործառույթներից հանել զբոսաշրջության բաղադրիչը և զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության և ծրագրերի իրականացման նպատակով առաջարկվել է ստեղծել հիմնադրամ: Նոր հիմնադրամի ստեղծումը կլուծի նաև միջազգային կազմակերպությունների հետ առավել ակտիվ համագործակցության և նպատակային միջոցառումների իրականացման համար հավելյալ ֆինանսական և անհրաժեշտ այլ միջոցներ ներգրավելու խնդիրները: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի` ապահովելով ներգնա զբոսաշրջությունից տարեկան առնվազն 3 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք տարեկան եկամուտ: Զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված կառույց հիմնադրելով` կապահովվի            համաշխարհային, տարածաշրջանային և ներքին շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի առավել արդյունավետ մարքեթինգը և խթանումը, համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի, նկարագրի ամրապնդումը, զարգացումն ու խթանումը, հայկական զբոսաշրջային արդյունքի և դրա շուկաների դիվերսիֆիկացումը, նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումն ու խթանումը, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նպատակների իրականացումը:

Աջակցություն՝ հերթական ներդրումային ծրագրին

Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Կարհաս» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով կհետաձգվի: Ընկերության նպատակն է ԱՀ, Քաշաթաղի շրջանի Միրիկ և Մոշաթաղ համայնքների տարածքում կառուցել 2,8 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ, արտադրել էլեկտրաէներգիա, ինչի համար նախատեսվում է կատարել ընդհանուր շուրջ 2,06 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 502,2 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 10 աշխատատեղ` 100 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Կկանոնակարգվեն Դիլիջան քաղաքի պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության խնդիրները

Գործադիրը հավանություն է տվել Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրին: Այն ուղեցույց կհանդիսանա Դիլիջան համայնքի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակման համար, ինչը թույլ կտա համակարգել և կանոնակարգել քաղաքի պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության խնդիրները՝ նպաստելով քաղաքի պատմագեղագիտական գրավչության աճին, զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև քաղաքի բնակչության զբաղվածության հարցերի լուծմանը: Պատմամշակութային հիմնավորման նախագիծը կազմում է Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի բաղկացուցիչը, որով հեռանկարում կապահովվեն պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և անվտանգ օգտագործման հնարավորությունները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930