Կենտրոնական բանկն ուսումնասիրում է կարկուտից տուժած գյուղացիների վարկային գծերը` մայր գումարի մարման ժամանակահատվածը հետաձգելու հարցը որոշելու համար: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: Հողի հարկի ու ջրի վարձի հետ կապված ուսումնասիրություններն էլ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն է կատարում:
Հարցին, թե փոխհատուցում կտրամադրվի, պարոն Առաքելյանը հարցով պատասխանեց` իսկ երբեւիցե փոխհատուցում եղե՞լ է Հայաստանում: Ըստ նրա, մինչեւ Հայաստանում չներդրվի ապահովագրական համակարգը, չեն կարող փոխհատուցել:
Նախարարը նաեւ հայտնեց, որ մատչելի տոկոսադրույքով վարկերի տրամադրումը նախատեսվում է 2018-ին: Ինչ վերաբերում է գյուղացիների կրած նյութական վնասներին, ապա նախարարն ասաց, որ անցյալ տարվա տվյալներով 32-36 միլիարդ դրամ է եղել, որը ոչ թե ծախսի այլ չստացված եկամտի վնասն է:
Մանրամասները` տեսանյութում
Aravot.am-ի հարցին, թե կառավարությունը գյուղատնտեսական ապրանքները արտահանելու ուղղությամբ գործիքներ է կիրառում, բայց ըստ գյուղացիների, հայտնվել են խոշոր արտահանողներ, որոնք դրսում շուկաները գրավում են եւ գյուղացու ապրանքը մնում է, պարոն Առաքելյանը պատասխանեց, որ մասնավորապես «Սպայկա» ընկերության հետ կապված բողոքը գյուղնախարարությունն ուսումնասիրել է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ