Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2016-ի բյուջեով նախատեսված է եղել, որ պետք է իրականացնի 97 ծրագիր: Այսօր ԱԺ-ում ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը այս նախարարության համար: Նա ասաց, որ պահուստային ֆոնդից էլ է գումար հատկացվել նախարարությանը: Ընդհանուր առմամբ 360 մլրդ դրամ է օգտագործվել նախարարության կողմից, որը ապահովել է 99.5 տոկոս կատարողական, դա կազմում է բյուջեի 27.4 տոկոսը: Նախարար Արտեմ Ասատրյանն էլ նշեց, որ 2 մլրդ դրամ աշխատանքի եւ զբաղվածության ոլորտին է հատկացվել, 13 հազար անձ է ծրագրերում ընդգրկվել: 17 հազար 470 անձ է ի հայտ եկել՝ աշխատանք փնտրող:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ նպաստների համակարգը պետք է փոխել, այն ընտանիքներում, որտեղ կան աշխատունակ անձինք, նրանց համար այլ լուծումներ պետք է գտնեն: Նախարարն ընդգծեց, որ նպաստների միջոցով աղքատությունը վերացնել հնարավոր չէ:
Արտեմ Ասատրյանի խոսքերով՝ շուրջ 8000-ից ավելի անձինք ստացել են նախկին ԽՍՀՄ բանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցումը: Դրանք ստացել են տարեցները եւ այն պայմանը, որ պետք է սոցիալապես անապահովների ցուցակում լինեին տարեցները, նոր ստանային, արդեն հանվել է:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարցրեց՝ 2016-ին որքա՞ն միջոցով է հատկացվել դրամաշնորհների նպատակով, ո՞ր ՀԿ-ներն են այն շահել, ի՞նչ նպատակով են իրացրել եւ արդյունքները արդյո՞ք գոհացնող են:
Նախարարը պատասխանեց, որ երեխաների եւ տարեցների ոլորտում գործող կազմակերպությունների ծրագրերն են ֆինանսավորվել. «Ասենք, «Հույսի կամուրջ» կազմակերպությունը Տավուշի մարզում իրականացրել է 250 երեխաների ցերեկային պայմաններում խնամք, մոտ 70 մլն-ի կարգի հատկացում է եղել տվյալ կազմակերպությանը: Դա նվազագույն աշխատավարձ է հաշվարկվում, կազմակերպությունը ունենում է նաեւ ֆինանսավորման այլ աղբյուրներ՝ դոնորների հաշվին: Եթե մենք այդ ծառայությունը մատուցեինք, վստահաբար, ավելի լուրջ գումարներ պիտի ծախսեինք»:
Էնֆիաջյանը հարցրեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ նույն ՀԿ-ները ոչ միայն 2016-ին, այլ 2014-ին, միշտ նույն ՀԿ-ներն են շահում. «Ծրագրի բովանդակության մեջ չեմ ուզում ներգրավել, ո՞րնէ պատճառը, որ մնացած 9 մարզերում չի իրականացվում այդ ծրագիրը, միայն այդ նույն մարզում Հույսի կամուրջը տարիներ շարունակ շահում է եւ իրականացնում այդ ծրագիրը»:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ տվյալ ծրագիրը պետբյուջեով է հաստատվում. «Թե ինչու են հենց տվյալ կազմակերպությունները անում՝ պատմականորեն եթե նայենք, տվյալ մարզում տվյալ կազմակերպությունները, որպես կանոն, միջազգային կազմակերպությունների հետ են արել, հետո պետությունն է վերցրել այդ ծրագրերը, ՀԿ-ները ինստիտուցիոնալ կարողություններ ունեն այդ մարզերում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ