Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հայրապետյան. «Փաստաբաններին զննելը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի վառ երեւակայության արդյունքն է»

Հունիս 29,2017 13:56

Հունիսի 29-ին «Մեդիա կենտրոնում» կայացած «Խոչընդոտվու՞մ է, արդյոք, փաստաբանների գործունեությունը «Սասնա ծռերի» քրեական գործի շրջանակում» թեմայով քննարկման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ ոչ մի նորմով նախատեսված եւ կարգավորված չէ, որ դատական կարգադրիչներն իրավունք ունեն զննելու դատավորին, դատախազին եւ փաստաբանին:

«Դատական օրենսգրքում կա մի նորմ, որը հետեւյալ բովանդակությունն ունի` եթե ինչ-որ մեկը ցանկանում է դատավորին զննել, ապա նա նախապես պետք է զգուշացնի դատարանի նախագահին, դատարանի նախագահը պետք է իրազեկված լինի, նոր դրանից հետո զննության ենթարկի: Այս նորմից հետեւում է, որ դատական կարգադրիչը որեւէ կերպ չի կարող զննել դատավորին, որովհետեւ նրանց զննելու համար պետք է նախապես իրազեկվի դատարանի նախագահը: Սահմանադրության մեջ էլ նշված է, որ փաստաբանի լիազորությունները, պարտավորությունները բացառապես կարգավորվում են օրենքով, որեւէ օրենքում նշված չէ, որ փաստաբանը պետք է ենթարկվի կարգադրիչի հրամաններին…Անգամ քննիչը, որ օժտված է բավականին լայն իրավասություններով, նա դատարանում հանդես գալու այնպիսի իրավասություններ չունի, ինչպես փաստաբանը…Դատախազը եւ փաստաբանը հատուկ սուբյեկտներ են, որոնք օգնում են արդարադատության իրականացմանը»,-շեշտեց Տիգրան Հայրապետյանը:

Նրա ձեւակերպմամբ, փաստաբաններին զննելը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի վառ երևակայության արդյունքն է. «Սա սկսվեց պարոն Փոլադյանի տղայական արժանապատվությունը վիրավորվելուց, երբ «Սասնա ծռերի» դատավարության ժամանակ առաջին նիստին մուտք գործեցի դատարանի շենք: Երբ ցանկացան խուզարկել պայուսակս, դիմեցի դատարանի նախագահին, դատարանի նախագահն էլ ուղղակի հրահանգեց փաստաբանին թույլատրել եւ փաստաբանի պայուսակը չխուզարկել; Այդտեղ կանգնած էր նաեւ դատական դեպարտամենտի ղեկավարը` պարոն Փոլադյանը եւ կարգադրիչների ղեկավարը: Ընդհարում տեղի ունեցավ, եւ երբ ասում էի` խնդրում եմ թույլատրեք, որտե՞ղ է նշված, որ ես պետք է կատարեմ դատական կարգադրիչի հրամանը, պարոն Փոլադյանը մի քանի անգամ կտրուկ վիրավորվեց, թե ձեռքերդ իջեցրու, ձեռքերով մի խոսիր:

Դրանից հետո մի քանի անգամ մամուլով ասել եմ, որ գողական, տղայական արժանապատվությունը մխրճված է մեր պետական պաշտոնատար անձանց գործելաոճում, թե պատգամավորները, նախարարները եւ ընդհանրապես պաշտոնյաները աթոռ ստանալուց հետո, չգիտես ինչու, սկսում են տղայական, գողական արժանապատվությունն առաջ տանել: Մինչդեռ պետք է գողականությանը վերջ դնել»:

Մանրամասները տեսանյութում`

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930