Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում այսօր անցկացվեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ: Հայկական պատվիրակությունից մասնակցել են Նաիրա Զոհրաբյանը, Հերմինե Նաղդալյանն ու Արմեն Ռուստամյանը:
Օրակարգային հարցերի շարքում քննարկվել է ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները:
Նշենք, որ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ալան Միլը և Շտեֆան Շեննախը ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններն աննախադեպ են համարել: Մինչդեռ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ չնայած 4+4+4 ձևաչափով աշխատել են Ընտրական օրենսգրքի բարելավման շուրջ, սակայն չի կիսում լավատեսությունը ողջ ընտրական գործընթացի հանդեպ, քանի որ ընտրությունները ցույց տվեցին, որ գլխավոր հարցն այն է, որ քաղաքական վստահությունը ընտրությունների հանդեպ մնում է չլուծված. պատճառը ռեյտինգային ընտրակարգն է:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ նիստին ինքը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն սեպտեմբերից նախաձեռնում է քննարկումներ Ընտրական օրենսգրքի՝ վարկանիշային մոդելը վերանայելու ուղղությամբ, քանի որ այդ մոդելը չլուծեց ի սկզբանե դրված վստահության խնդիրը:
Նշենք նաև, որ երբ տիկին Զոհրաբյանը նիստի ընթացքում խոսել է վստահության պակասի մասին, համազեկուցողներից Ալան Միլը չի համաձայնել նրա ասածների հետ և փորձել վիճարկել նրա տեսակետը:
Aravot.am-ը զրուցեց նաև իշխանության տեսակետը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին ներկայացրած Հերմինե Նաղդալյանի հետ: Նա մեզ տեղեկացրեց, որ համազեկուցողները փաստել են, թե իրավիճակն արմատապես տարբերվում է նախկին ընտրությունների ժամանակ եղածից բողոքների և դժգոհությունների թվով. «Համազեկուցողներն ասացին, թե ժամանակին եղած հերթերը բողոքների համար այս անգամ չեն գրանցվել, չեն եղել ճնշումներ, ընտրությունները լավ կազմակերպված էին, խախտումների թիվն ու որակն անհամեմատելի է նախկինի հետ»:
Հետաքրքրվեցինք՝ իսկ քարոզարշավի և ընտրությունների ընթացքում գրանցված բռնություններին անդրադարձ չեղա՞վ, տիկին Նաղդալյանն արձագանքեց, թե բռնությունների դեպքեր առանձնապես չունենք և որպես թերություն քննարկում են աննշան տարրերը:
Ամփոփելով այս թեման՝ տիկին Նաղդալյանը նշեց՝ այն լռակյաց որոշումը, որ գոյություն ուներ, համաձայն որի՝ ՀՀ-Ադրբեջան հարցերը միշտ մեկ մակարդակի վրա էին դրվում, այլևս չկա. «Այսօր ՀՀ-ն անհամեմատ հեռու է գնացել և դա ընդունում են մոնիտորինգի հանձնաժողովում: Վենետիկի հանձնաժողովն էլ դեկտեմբերյան քննարկումների ժամանակ հայտարարեց, թե ինչքան համապարփակ համագործակցում ենք ՀՀ-ի հետ, իսկ արդեն ինը տարի է Ադրբեջանը Վենետիկի հանձնաժողովի գործընկեր չէ »:
Նիստի ընթացքում բավականին սուր քննարկում է ծավալվել Ադրբեջանում տիրող իրավիճակի շուրջ: Անդրադարձ է եղել Ադրբեջանում քաղբանտարկյալների, հանրային սեկտորի դժգոհություններին, հատկապես բանտում ինքնասպան եղած բլոգեր Գալանդարովի հարցին, նաև Ադրբեջանի իշխանությունների արված առաջարկին՝ քրեական օրենսգրքից հանել զրպարտության մասին հարցը:
Նիստի ընթացքում ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը փորձել է հակադարձել՝ պնդելով հակառակը: Այս առիթով տիկին Նաղդալյանն ասաց. «Սեիդովը պնդում էր, թե Գալանդարովը բլոգեր չէ, կարծես թե, եթե մարդը բլոգեր չէ, պետք է հասցնեն նրան, որ նա բանտում ինքնասպանություն գործի կամ նրան սպանեն»:
Բարձրացվել է նաև Մամադովի հարցը՝ որպես ՄԻԵԴ վճռի չկատարման աննախադեպ դեպք: Նիստի ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի առաջին տիկնոջը փոխնախագահ կարգելու փաստը, սակայն այս հարցին ԵԽԽՎ զեկուցողները հպանցիկ են անդրադարձել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ