Մայիսի 29-ին Վրաստանի տարածքից առևանգված, Ադրբեջան տարված և այնտեղ բանտարկված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը, որի ամուսինը ադրբեջանական իշխանությունների հետապնդումների պատճառով 2015թ.-ից գտնվում էր Թբիլիսիում, հունիսի 27-ին հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որտեղ վերջինս նշել է՝ այդ գործը գտնվում է իր վերահսկողության ներքո: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
Փորձագետի բնորոշմամբ. «Վրաստանում ապաստանած ադրբեջանցի լրագրողի առևանգումը փաստացիորեն ծանր իրավիճակի մեջ է դրել վրացական իշխանություններին, քանի որ մի կողմից դեպքը պատճառ է դարձել վրաց ընդդիմադիր քաղաքական գործիչների, լրագրողների և առհասարակ՝ հասարակության համար սեփական իշխանություններին տեղի ունեցածի մեջ մեղադրելու և պատասխանատու համարելու, իսկ մյուս կողմից՝ Վրաստանը հայտնվել է մարդու իրավունքների պաշտպանության արևմտյան կառույցների պարբերական ճնշումների տակ։ Ավելին, ընդամենը մեկ շաբաթ առաջ Եվրախորհրդարանն ընդունեց «Աֆղան Մուխթարլիի գործը և Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակը» բանաձևը, որի ժամանակ պատգամավորների կողմից կոչ արվեց Վրաստանի իշխանություններին` ապահովել ընդդիմադիր լրագրողի` ուժի գործադրմամբ անհետացման օպերատիվ, թափանցիկ և արդյունավետ հետաքննությունը, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկել»:
Ըստ Արտյոմ Տոնոյանի՝ իրավիճակը առաջիկայում կարող է ավելի սրվել, քանի որ Մուխթարլիի փաստաբանները պատրաստվում են հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի և Վրաստանի։
Հարցադրմանը, թե միջադեպը և դրան հաջորդած զարգացումները ի՞նչ փոփոխությունների կբերեն վրաց-ադրբեջանական հարաբերություններում, փորձագետն այսպես արձագանքեց. «Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները կարող են լարվել: Առկա է իրականացված գործողության երկու սցենար. առաջին՝ լրագրողի առևանգում վրացական կողմի մասնակցությամբ կամ օգնությամբ, երկրորդ՝ առևանգում առանց վրացական կողմի գիտության կամ առնվազն այդ կողմի հետ համաձայնեցման։ Երկու դեպքում էլ Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները կարող են լարվել, քանի որ երկրորդ տարբերակի դեպքում Ադրբեջանը, փաստորեն, միտումնավոր հարված է հասցնում Վրաստանի միջազգային հեղինակությանը և այդ երկրին դնում ծանր իրավիճակի մեջ՝ եվրոպական կառույցների առաջ: Իսկ առաջին դեպքում, այսինքն, եթե առևանգումը տեղի է ունեցել վրացական կողմի հետ համաձայնեցված, ապա Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, խախտել է մեկ այլ պայմանավորվածություն՝ վրացական կողմի հետ համաձայնեցված լինելու կամ վերջինիս մասնակցության գաղտնիության պահպանման պայմանը, քանի որ ընդամենը երկու շաբաթ առաջ Ադրբեջանի պատգամավոր, իշխող «Նոր Ադրբեջան կուսակցության» և Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Էլման Նասիրովը հայտարարեց՝ լրագրողի «ձերբակալումը» եղել է վրաց-ադրբեջանական համատեղ օպերացիայի արդյունք:
Դրան անմիջապես հետևեց վրացական կողմի պատասխանը, երբ Պետական անվտանգության ծառայության մակարդակով հերքվեցին ադրբեջանցի պատգամավորի խոսքերը։ Տեղի ունեցածը անմիջապես Ադրբեջանի որոշ լրատվական աղբյուրներում գնահատվեց որպես վրաց-ադրբեջանական հարաբերությունների լարում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ