Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Օֆշորի» հայտնի գործով դատաքննությունը չկայացավ՝ մեղադրողի եւ տուժողի պաշտպանի բացակայության պատճառով:
Լրագրողների հետ զրույցում գործով տուժած, ունեզուրկ գործարար Փայլակ Հայրապետյանի շահերի պաշտպան Լուսինե Աղլամազյանը հայտնեց, որ նախորդ նիստում դատախազը ներկայացրել է մեղադրական ճառը, իսկ առաջիկա նիստում տուժող կողմը կհայտնի իր դիրքորոշումը ճառի շուրջ:
Աղլամազյանի փոխանցմամբ՝ թեեւ մեղադրողն ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի համար պահանջել է 15 տարվա ազատազրկում, իրենք ցմահ ազատազրկման կողմնակից են, քանի որ նման կազմակերպված հանցագործություն չեն մտաբերում:
Փայլակ Հայրապետյանը եւս հայտարարեց, որ համաձայն է իր շահերի ներկայացուցչի դիրքորոշման հետ: Նրա խոսքով՝ եթե ԽՍՀՄ տարիներին նման կազմակերպված հանցագործություն իրականացնեին, հանցագործներին կգնդակահարեին: Պարոն Հայրապետյանը նաեւ նշեց, որ օրերս դիմում է գրել ՀՀ նախագահին՝ ներկայացնելով, որ այս գործում մի ամբողջ հանցագործ-խումբ է ներգրավված, այդ թվում՝ բանկը:
Հիշեցնենք, որ «Օֆշորի» գործով տուժող Փայլակ Հայրապետյանի պնդմամբ` իր 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել եւ Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար` Աֆրիկայում ոսկու եւ ադամանդի արդյունահանման նպատակով: Սուքիասյանն էլ, ըստ մեղադրանքի, գումարը փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, եւ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Սուքիասյանի պնդմամբ էլ` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն առնչություն չունեն օֆշորային սկանդալի հետ:
Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 7-ին, ժամը 13:30:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ