Հարցազրույց Ռուսաստանի քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովի հետ
– Հայ պաշտոնյաները պնդում են, որ այդ համաձայնագիրը ոչնչով չի հակասում ԵԱՏՄ-ին։ Դուք իսկապես վստա՞հ եք, որ Հայաստանին սպառնում է նոր «սեպտեմբերի 3»։
– Երևանը ճիշտ դիրքորոշում է որդեգրել՝ չհամոզել և չընդդիմանալ։ Բայց կա գործողություն, և կա դիմադրություն։ Այսինքն՝ ճնշումը շատ ցավոտ կընկալվի։ Եթե ասենք, որ մենք դեմ ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը, դա բացասական ռեակցիա կառաջացնի։ Ո՞ւմ է դա պետք։ Գուցե ռուսական դիվանագիտությունն ավելի նուրբ է դարձել, չի ընդդիմանում, բայց հասկանալի է, որ դա կտևի միայն մի որոշակի ժամանակ։ Կա մի սահման, որից հետո Հայաստանը պետք է վերջնական ընտրության առջև կանգնի, բայց դա սարսափելի չէ։ Մի օր հարցը դրվելու է «կամ-կամ» սկզբունքով, իսկ առայժմ կարելի է համատեղել՝ զարգացնել հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի հետ։ Ռուսաստան-Հայաստան առևտրային կապերը տարբերվում են Հայաստան-ԵՄ առևտրային կապերից։ Իհարկե, այդ առումով շահավետ է զարգացնել բոլոր հնարավոր կապերը։
Նաև հասկանալի է, որ Ռուսաստանն այժմ փորձում է ցույց տալ, որ չի թույլատրի իր ուղեծրից շեղում։ Կարծում եմ՝ Լավրովի հայտարարությունը շատ հասկանալի է։ Այսինքն, եթե խոսքը գնում է նրա մասին, որ «Արևելյան գործընկերությունը» հակառուսական նախաձեռնություն է, նշանակում է, որ դրան մասնակցությունը նույնպես հակառուսական է։
Հասկանալի է, որ Հայաստանը կարող է ստորագրել համաձայնագիրը, և, մեծ հաշվով, աշխարհը փուլ չի գա, Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն խզվի, բայց այստեղ կարևոր է, թե ինչ բնույթ են կրելու այդ հարաբերությունները։
Վերջերս մեր Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել էր ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ։ Վոլոդինն ասել էր, որ Հայաստանը ոչ թե պարզապես մեր ռազմավարական գործընկերն է, մեզ շատ թելեր են կապում, այլ նաև՝ մենք բարեկամ երկրներ ենք։ Այսինքն՝ կա հավասարության նշան գործընկերության և ռազմավարական հարաբերությունների, գործընկերության և բարեկամության միջև։
Բնականաբար, Հայաստանի հետ գործընկերությունը չի դադարեցվի, եթե անգամ Հայաստանն ինչ-որ բան ստորագրի Եվրամիության հետ։ Բայց բարեկամության մասին արդեն ավելի դժվար կլինի խոսել, քանի որ ընտրություն է կատարվելու գործընկերության և միության միջև։ Կարծում եմ՝ այս թեման դեռ երկար է քննարկվելու, քանի որ, հասկանալի է, վերջնական ընտրությունը՝ «կամ-կամ», Հայաստանը չի անի, որովհետև որոշակի բազմաբևեռություն կա, բայց նաև պարզ է, որ Ռուսաստանը չէր ցանկանա, որ Հայաստանն ընտրեր այն ուղին, որն այսօր ընտրել է Մոլդովան կամ Վրաստանը։ Դա շատ ակնհայտ է։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում