Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Սասնա ծռերի» եւ նրանց պաշտպանների հանդեպ պատժիչ գործընթաց է սկսվել» (Տեսանյութ)

Հունիս 29,2017 13:02

Հունիսի 29-ին «Մեդիա կենտրոնում» կայացած «Խոչընդոտվու՞մ է արդյոք փաստաբանների գործունեությունը «Սասնա ծռերի» քրեական գործի շրջանակում» թեմայով քննարկման ժամանակ փաստաբան, Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ երեկ ուշ երեկոյան հանդիպել է իր պաշտպանյալի հետ, որը վատ վիճակում է:

«Նա պատմեց, որ Ավան-Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ինքը ենթարկվել է ծեծի, ծեծել են նաեւ Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին, Գագիկ Եղիազարյանին եւ Մխիթար Ավետիսյանին: 15-20 ոստիկան հարձակվել եւ հարվածել են իմ պաշտպանյալի աչքին, գլխին, ողնաշարի հատվածներին, ոտքերի վրա կան վնասվածքներ, աչքի տակ: Հարվածները դաժան են եղել հատկապես գլխի շրջանում, եւ ոստիկանները շատ լավ տեղյակ են եղել, որ իմ պաշտպանյալը սահմանները պաշտպանելու ժամանակ ձեռք է բերել է առողջական խնդիրներ եւ մարմնի որ հատվածների հետ կապված: Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում դատարանում, ու իբր «արդարադատություն» իրականացնող մարմիններից ենք փնտրում արդարադատություն: Մենք գործընթաց ենք սկսելու, ես հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին»,- հայտարարեց փաստաբանը:

Նա տեղեկացրեց, որ Նուբարաշեն ՔԿՀ մտնելուց հետո իր պաշտպանյալի ստացած մարմնական վնասվածքները բժշկի կողմից արձանագրվել են, ու ինքն էլ այդ մասին հարցում է կատարելու: «Ո՞ւմ ենք ներկայացնելու հաղորդումը, մարդու, որը չեմ կարծում, թե օբյեկտիվ քննություն կիրականացնի: Սակայն սա միջոց է, որ դիմենք գլխավոր դատախազություն: Առանձնապես ակնկալիքներ չունենք, դրա համար կդիմենք նաեւ Եվրոպական դատարան: Սա պատժիչ գործընթաց է, որ սկսվել է «Սասնա ծռերի» եւ նրանց պաշտպանների հանդեպ: Եթե նման մարդկանց են ծեծի ենթարկում, չի բացառվում, որ հաջորդը լինեն փաստաբանները կամ այն քաղաքացիները, որոնք գալիս են դատական նիստին: Ի դեպ, կարգադրիչները նրանց անձնական տվյալները ապօրինի հավաքում եւ օգտագործում են: Սա անմարդկային դաժան վերաբերմունք է, որ իրականացվում է իշխանությունների պատվերով, սա հետընթաց է մարդու իրավունքների տեսանկյունից: Ոստիկանության կողմից համատարած բռնություններ են իրականացվում»,- ահազանգեց Արա Ղարագյոզյանը:

Նրա խոսքով, դատարան մտնելիս զննության անվան տակ իրականացվում է խուզարկություն, փորձում են մտնել փաստաբանների պայուսակների մեջ. «Երեկ ես ինձ հետ ջուր էի վերցրել, դատական կարգադրիչներն ասում էին իրավունք չունես: Ասում եմ` իրավական հիմքերը ներկայացրու, այդ պահին քաղաքացիական հագուստով ինչ-որ մեկն ասում է` դրան դուրս հանեք: Էթիկայի որեւէ կանոն չի պահպանվում: Ես Մարդու իրավունքի պաշտպանին եմ ստիպված զանգահարել եւ միայն նրանց միջամտությունից հետո եմ կարողացել ինձ հետ ջուր տանել: Փաստորեն, իշխանությունները վախենում են հրապարակային դատաքննությունից, քանի որ ապօրինի հարուցված մեղադրանքները կարող են փլուզվել, դրա համար ոստիկաններից կենդանի պատ են սարքում ապակեպատ դահլիճում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930