Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են օձերը մեզ հյուր գալիս. «Հայոց Աշխարհ»

Հունիս 29,2017 12:56

Վերջին մի քանի տարիներին ամռանը արձանագրվում է օձերի կտրուկ ակտիվացում։ Այս տարի էլ գրեթե ամեն օր լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվում բնակելի տարածքների մոտակայքում, այգիներում, անգամ գրասենյակներում, բնակարաններում, մեքենաների մեջ օձեր հայտնաբերելու եւ այդ կենդանիների խայթոցից տուժածների մասին:

Բարեբախտաբար այս տարի օձի խայթոցից մահացության դեպքեր չեն եղել: Բայց կենսաբան ԴՈԼՈՐԵՍ ՂԱՓԱՆՑՅԱՆԸ դա հուսադրող հանգամանք չի համարում. փաստը, որ օձերը սկսել են իրենց համար թաքստոց ու սնունդ փնտրել մարդկանց բնակավայրերի մերձակայքում, արդեն իսկ մեծ խնդիր է։

Այնպես որ կենսաբանը համոզված է՝ օձերին հարկավոր է վերադարձնել իրենց հիմնական բնակավայրեր, որոնք մարդիկ զավթել են ու սողուններին վտարանդի սարքելով՝ քշել դեպի մարդկանց բնակվելու համար նախատեսված տարածքներ:
Ըստ Դոլորես Ղափանցյանի՝ Հայաստանում մոտ 24 տեսակի օձ կա, որոնցից չորսն է թունավոր: Մարդկանց տագնապի պատճառը հիմնականում գյուրզան եւ հայկական իժն են: Վերջինս հանդիպում է 1500 մետրից բարձր տարածքներում, լեռնային հատվածներում, իսկ գյուրզան, բացի բարձրադիր գոտիներից, նաեւ ցածրադիր հատվածներում է բնադրում: Մեծ մասամբ տարածված է Արարատյան դաշտում, Մեղրիում, Սյունիքում:

Այդ օձերը ձվադրում են նաեւ մայրաքաղաքում՝ մասնավորապես Հրազդանի կիրճում, որտեղ երեւանցիները սիրում են իրենց հանգիստն անցկացնել: Ամռան, ինչպես նաեւ վաղ աշնան սեզոնին այդ կենդանիների ակտիվացումը պայմանավորված է նրանց բազմացման ժամանակաշրջանով: Ապրիլ-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը սողունների սեռական ակտիվության, նրանց զուգավորման, սերունդ տալու շրջանն է: Մյուս կողմից էլ շոգն ավելի է նպաստում, որ օձերը շարժուն դառնան: Ահա թե ինչու հենց այս սեզոններին են գրանցվում օձերի հետ անցանկալի հանդիպումների դեպքերը:

«Այս փաստի վրա պետք չէ զարմանալ,- ասում է կենսաբանը:- Այն, ինչ կատարվում է, սպասելի էր՝ բնության նկատմամբ մարդկանց անխնա վերաբերմունքի պատճառով: Զանգվածային շինարարությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաքում՝ լեռնային անտառների ու կանաչ տարածքների հաշվին, ինչպես նաեւ մշակովի հողատարածքների ընդլայնումը լեռների լանջերն ի վեր, ջուր մատակարարող փոքր առվակների, գետերի ցամաքեցումն ի վերջո հանգեցրեց ներկա վիճակին, երբ անգամ փողոցում քայլելիս կարելի է օձի հանդիպել:

Օձերի տարածքներն անխնա ոչնչացվելու հետեւանքով այդ կենդանիները ստիպված են ապրելու, թաքնվելու, սնունդ հայթայթելու ավելի բարենպաստ պայմաններ, վայրեր որոնել եւ այդտեղ ձվադրել: Իսկ քանի որ մարդկանց բնակության վայրերում հնարավոր է ե՛ւ ջուր հայթայթել, ե՛ւ սնունդ՝ ընտանի մանր կենդանիներ, թռչուններ, ինչպես նաեւ բնության որոշակի անկյուններ գտնել, ինչպիսին այգիներն ու կանաչ հողատարածքներն են, այդ սողունները նախընտրում են բնադրել մեր բնակավայրերին մոտ տարածքներում»:

 

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930