Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնասեռականներին ծնողները տանից դուրս են հանել, տնային կալանքի տակ պահել».

Հունիս 29,2017 12:48

«Փինք Արմենիա» կազմակերպության ներկայացուցիչներն այսօր ներկայացրին «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում. 2016թ.» զեկույցը:

Կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Ղազարյանի ներկայացմամբ, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները լուրջ խնդիրներ են ունենում հատկապես զինված ուժերում ծառայելիս. «Այն պահից, երբ բացահայտվում է նրա սեռական կողմնորոշումը, յուրաքանչյուր անձ իրավախախտումների շղթայի է հանդիպում, բռնությունների թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական, արժանապատվության նվաստացում՝ թե՛ հրամանատարական կազմի, թե՛ զինվորական կազմի կողմից, անձին մեկուսացնում են մյուս զինվորներից, թույլ չեն տալիս օգտվել նույն սպասքից, ճաշել բոլորի հետ»:

«Հոդված 3» ակումբում Լուսինե Ղազարյանն ասաց, որ քրեական գործ հարուցելու դեպք էլ ունեն , երբ անձը հայտնել է, որ նույնասեռական է, քրեական գործ է հարուցվել՝ պարզելու՝ անձը խաբեության միջոցով փորձում է ազատվել զինվորական ծառայությունից. «Անհասկանալի է, քրեական գործի հարուցման պատճառը, որովհետեւ նույնասեռական լինելը զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք չէ:

Ամենացավալի խնդիրներից մեկն էլ այն է, որ անձի նույնասեռական լինելը պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է արվում: Դա նվաստացուցիչ վերաբերմունք է անձի նկատմամբ: Օբյեկտիվ չափանիշ չէ, նման փորձաքննություններն անցկացվում են սեռական բնույթի բռնի գործողությունները բացահայտելու համար»:

Ըստ Լուսինե Ղազարյանի՝ նույնասեռական անձինք փաստացի չեն ծառայում բանակում, թեեւ օրենքով կարգավորված չէ դա, բայց այդ կերպ հավելյալ խոցելիություն են ձեռքբերում:

Նա պատմեց, որ նույնասեռականները խնդիրներ են ունենում նաեւ տանը ու արժանանում ընտանեկան բռնությունների. «Դեպքեր ենք ունեցել, երբ բացի դասական ծեծից, ծնողները կալանքի տակ են պահել իրենց երեխաներին, տանից դուրս են հանել անչափահաս երեխաներին»:

Նրա խոսքով, սեռական կողմնորոշման պատճառով իրենց կազմակերպության մի խումբ ակտիվիստների ծեծի են ենթարկել. «Պետությունը պետք է աշխատի հասարակական կարծիքի փոփոխության ուղղությամբ, պաշտոնապես հայտնի որ ԼԳՏԲ անձանց խնդիրները, որպես խնդիր գիտակցում է, ինչը մինչեւ այժմ չենք տեսել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930