Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն պաշտպանությունը հարձակո՞ւմն է. «Հայոց Աշխարհ»

Հունիս 29,2017 12:39

Անցյալ տարի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու, ոստիկանության երեք աշխատակցի սպանության եւ այդ դաժան եղելության մյուս էական հանգամանքներին վերաբերող գործով մեկնարկած դատավարության հետ կապված առայժմ գերակշռում է «կողմնակի աղմուկը»:

Ըստ էության, դատավարությունը դեռ ինչպես հարկն է, չի էլ մեկնարկել: Գրեթե նույնպիսի վիճակ է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով սկսված դատավարության ընթացքում՝ աղմուկ, քաշքշուկներ, դատարանին կոնկրետ պատժամիջոցների սադրող պահվածք ամբաստանյալների եւ նրանց պաշտպանող փաստաբանների կողմից:
«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավարության երեկվա նիստից առաջ էլ դատարանի շենքի մոտ հավաքված մի քանի անձանց, փաստաբանների եւ ոստիկանության մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ: Հավաքվածները, որ եկել էին աջակցելու հիշյալ զինված խմբին, եւ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հրմշտեցին միմյանց, քաշքշուկ արձանագրվեց, մեկը ստուգապես բերման ենթարկվեց:
Զինված խմբի անդամների փաստաբան-պաշտպանները շտապեցին ամեն ինչում մեղադրել ոստիկաններին: Ռեկորդը «խփեց» «Սասնա ծռեր» զինված խմբի ղեկավարներից Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որը երեկ հայտարարեց մասնավորապես հետեւյալը. «Հայաստանի Հանրապետությունում ոստիկանությունն իրավապահ մարմին չէ, զինված հրոսակախումբ է, որը պատրաստ է կատարել ցանկացած հանցավոր հրաման»:

Առավել քան տարօրինակ պահվածք եւ ձեւակերպումներ՝ իրավաբան, նաեւ փաստաբանի արտոնագիր ունեցող անձնավորության համար: Մ.Շուշանյանը թերեւս ոչ միայն պաշտպանում է Վարուժան Ավետիսյանին, այլեւ ուղղակիորեն կրկնում է նրա բառերն ու արտահայտությունները:

Ակնհայտ է, որ ինչպես Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների, այնպես էլ՝ «Սասնա ծռեր» զինված խմբի գործերով պաշտպանական կողմերը, այսինքն՝ ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները ամեն ինչ անում են, որպեսզի դատավարությունը վերածվի քաշքշուկ-աղմուկ-աղաղակ «շոու»-ի: Այսինքն՝ բացահայտորեն իրենց անհրաժեշտ է թե՛ այդ աղմուկը, թե՛ այն, որ լրահոսում ավելի շատ «ճռճռան» ու «ճղճղան» լուրեր շրջանառվեն:
Դա թերեւս հնարավորություն կտա, որ «երկրորդ պլան» մղվեն դատավարության բովանդակության, փաստական տվյալների, մեղադրանքը հիմնավորող ապացույցների վերաբերյալ տեղեկությունները:

Ավելին՝ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» տարբերակով հիշյալ գործերով պաշտպանական կողմի ներկայացուցիչները շարունակ հայտարարում են, թե ոստիկանությունը (ավելի ճիշտ՝ իշխանությունները) ամեն ինչ անում են, որ դատավարությունները դռնփակ անցկացվեն:

 

Արմեն Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930