«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ի տարբերություն իրենց թիմակից Գեւորգ Գորգիսյանի, որը Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին կոշտ գնահատական էր հնչեցրել՝ «քաղաքական դիակ» անվանելով, չի բացառում համագործակցությունը «Ժառանգության» հետ։ Նա Գորգիսյանի որակումի հետ կապված՝ ասում է. «Դա կարող է մասնավոր կարծիք լինել»։
Այդուհանդերձ, Միրզոյանն ընդդիմադիր գործընկերոջ առաջարկի հետ կապված՝ բազում բացեր է տեսնում. «Գաղափարը, իհարկե, լավ է հնչում, բայց ինչքանով է այն իրատեսական, ինչ մեթոդաբանություն են մարդիկ առաջարկում, ինչ օրակարգ, կոնկրետ, հստակ քայլեր՝ որից հետո ինչ պետք է անել, ում հետ։ Եթե այս ամբողջ հարցերը պարոն Հովհաննիսյանը պարզաբանի եւ ավելի կոնկրետ առաջարկ անի, իհարկե, դա քննարկման ենթակա է։ Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է մի բարի ցանկություն, կենաց՝ «եկեք թավշյա հեղափոխություն անենք» մինչեւ 2018 թիվը։ Եկեք։ Ինչպես արել ենք 2004-ին, 90, 96 թվերին, հա։ Մեթոդաբանությունը ո՞րն է լինելու, եթե ուղղակի կանգնելու ենք՝ եկեք հրապարակ, հետո գնալու ենք թեյ խմելու կամ աղոթելու։ Շատ հարցեր կան, որոնց պետք է նախապես պատասխան տրվի հրապարակային եւ գրավոր տարբերակով։ Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է այսպիսի ծանրակշիռ առաջարկ անել, ապա մենք, որպես նորմալ, լուրջ քաղաքական ուժ, պատրաստ ենք դիտարկել»։ «Ելքի» երիտասարդ պատգամավորի կարծիքով, ռեալ է «թավշյա հեղափոխություն անելու» հնարավորությունը. «Միշտ էլ կարելի է, տեսականորեն՝ այո, վաղը հնարավոր է հեղափոխություն անել, բայց գործնականում ինչպե՞ս է այդ մեսիջը հասցվելու մարդկանց, մարդիկ ինչքանո՞վ են պատրաստ վստահել այդ ուժերին, ինչքանո՞վ են դա իրատեսական համարում, պատրա՞ստ են արդյոք դուրս գալ փողոց։ Ի վերջո, այդ նույն մարդիկ, մի քանի ամիս առաջ մի քանի հարյուր հազար հոգի Հանրապետական կուսակցության օգտին են քվեարկել»:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում