ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հեռացվել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունից: Համապատասխան որոշում կայացվել է չորեքշաբթի՝ Ստրասբուրգում ԵԺԿ նիստում: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ԵԺԿ մամուլի ծառայությունից:
«Դա այդպես է. այսօր առավոտյան տեղի է ունեցել նիստը, և ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել նրան հեռացնել խմբակցությունից: Որոշումը միաձայն չէ, բայց ընդունվել է ճնշող մեծամասնությամբ»,- ասել են կուսակցության մամուլի ծառայությունից:
Նման քայլի դիմելու պաշտոնական պատճառները ԵԺԿ-ում խոստացել են «հրապարակել մոտ ժամանակները»: Ընդ որում, ընդգծել են, որ այդ որոշումը վերաբերում է միայն Ագրամունտի անդամակցությանը խորհրդարանական խմբակցությանը և չի դիպչում նրա նախագահությանը: «Խմբի անդամները նման որոշում են կայացրել, հետագայում արդեն ամեն ինչ կախված կլինի վեհաժողովի որոշումից»,- ասել է ԵԺԿ ներկայացուցիչը:
Ագրամունտի շուրջ սկանդալ բարձրացավ այն բանից հետո, երբ նա առանց ԵԽԽՎ լիազորության մեկնել էր Սիրիա և հանդիպել այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ