Եթե ես գրեմ, որ Հայաստանում տիեզերանավակայան է կառուցվում, բոլորը կհասկանան, որ դա սուտ է, ոչ ոք նման վերնագրով հոդվածը չի բացի, չի տարածի, like չի տա: Որովհետեւ «դրական ստերին» ոչ ոք չի հավատում: Ավելին՝ չեն հավատում նաեւ «դրական ճշմարտություններին». հոդվածներն այն մասին, որ Հայաստանի IT ոլորտի մի շարք ընկերություններ ունեն միջազգային ճանաչում, շատ դիտումներ ու շատ like-եր չեն հավաքի: Բայց փորձեք գրել, որ Հայաստանում արգելվելու են աջ ղեկով մեքենաները, եւ կտեսնեք, թե ինչ «հրճվանք» դա կառաջացնի: Իհարկե, նաեւ մեկնաբանություններ՝ «հեսա սրանք վաբշե թույլ չեն տա, որ շնչենք», «վարչապետը աջ ռույլը ձախ ռույլի փոխելու ցեխ ա դրե», «հա, տոչնի ա՝ էն օրը բաջանաղիս հորեղբոր տղուն աջ ռույլի հմար պլաշադկա տարան»: Կամ լավագույն դեպքում՝ «եթե ժողովուրդը խոսում ա, ուրեմն մի բան կա»:
Կամ՝ որ փողոցային տեսախցիկները ֆիքսում են մեքենայի մեջ հեռախոսով խոսող վարորդներին, ու դրա համար տուգանքներ են գալիս: «Հա, արդեն քավորիս հարեւանին էդձեւ շտրաֆ ա եկե»: Կամ՝ որ օձը ծիրանի ծառից թռել է 17 տարեկան աղջկա ճակատին, խայթել է, եւ երեխան դրանից մահացել է: Կամ՝ որ ապրիլյան պատերազմի ժամանակ տանկերը դիզվառելիքի փոխարեն ջրով էին լիցքավորված: Կամ՝ որ Թալեաթն ազգությամբ հրեա էր: Մեր հասարակությունը ոչ միայն մեդիագրագետ չի, այն մեծ մասամբ տառապում է ինֆանտիլիզմով, տգիտությամբ եւ նիհիլիզմով, եւ այդ պայմաններում նրան հնարավոր է կերցնել ցանկացած «բացասական սուտ»:
Երեկ տաքսու վարորդն ինձ վրա թափեց նման «տեղեկությունների» մի այնպիսի տարափ, որ ես 4-5-րդ պնդումից հետո պարզապես լռեցի: «Ռուսաստան սաղ զավոդները պետական են»՝ սուտ է, մաքուր պետական կապիտալով արդյունաբերական ձեռնարկությունները Ռուսաստանում կեսից քիչ են: «Ոչ մի տեղ կյանքն այնքան վատ չի, որքան Հայաստանում»՝ սուտ է, Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի մի քանի տասնյակ երկրներում կյանքի մակարդակն էապես ավելի ցածր է, քան Հայաստանում: «Եթե կոմունիստները չլինեին, դաշնակները էս մի բուռ Հայաստանն էլ կտային թուրքերին»՝ ոչ միայն սուտ է, այլեւ պատմական փաստերի ճիշտ հակապատկերն է: «Հինգ սանտիմ գիծը տրորում եմ, վրես ակտ ա գալիս»՝ սուտ, որը շահարկում է նաեւ ընդդիմության մի մասը. իրականում երկու տարի առաջ օրենքը փոխվել է, եւ տուգանք է գալիս միայն երկու անիվով հոծ գիծն անցնելու դեպքւմ:
Ես չեմ մեղադրում ուղեղը լվացված մարդկանց՝ նրանք, ի վերջո, զոհ են: Իրական պատճառն այն է, որ մենք, իմանալով ճշմարտությունը, շատ ենք ուզում դուր գալ այդ մակարդակի մարդկանց՝ մեծապես նպաստելով արդեն հիշատակած ինֆանտիլիզմին, տգիտությանը եւ նիհիլիզմին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իսկ եթե տաքսու վարորդը Ձեզ ասեր,որ հոկտեմբերի 27ը ամբողջովին կոծկված է,մարտի մեկի սպանությունները նույնպես,ոստիկանույունն ու դատական համակագը կոռումպացված ու քաղաքականացված է մինչ վերջին մարդը,չկա տնտեսական ազատություն,իշխող հանրապետական կուսակցությունում բացակայում է խոսքի ազատությունը,նրանց անդամների միջեւ է բաժանվել ամբողջ Հայաստանի տնտեսությունը,պետական բյուջեի կատարողականները,.արտաքին վարկերի թալանը (վերջինիս միջոցով),մարդկանց անպաշտպանվածությունը ՀՀԿ ից,արտագախտի ոչ կենցաղային պատճառները,մշակույթի տափաստանը,Սերժ Սարգսյանի նեյտրալ, անմտահոգ ճառերը,խոսքի ու մտքի աղքատութունը,ներքին ցածր կուլտորան,կառավարության անդամների հետ «դու» ով խոսելը,հհկ ականների երեսպաշտությունը:Վերոնշյալ դիտարկումները բավարար են,որ իշխող ուժը ֆաշիստական ճանաչվի ու ընդմիշտ հեռացվի:Ւնչ վերաբերվում է Ձեր հոդվածին, ապա լավ հիշում եմ 88 ի երկրաշարժը շատերը կապում եին Գորբաչովի հետ:Ես 8 տարեկան էի,բայց այդ ամենին որպես ցնդաբանության էի վերաբերվում ու նույնիսկ չէի արձագանքում:
“Իրական պատճառն այն է, որ մենք, իմանալով ճշմարտությունը…”: Տեսնես էդ “մենք”-ը ովքե՞ր են: Հաաաա…, երևի խելացի տղերքը: Է, տաքսիստն էլ է մտածում, որ ինքը խելացի է: Չեմ հասկանում, թե տարբերությունը որն է: Հլը բանին նայեք, ճշմարտությունը գիտեն ու մի բերան ձեն չեն հանում: Այ քեզ բան…
այդ տեսակի տաքսիստներ այդ տեսակի «տեղեկութիւններ» թափուն են նաեւ Հայաստանի հայ այցելուների վրայ… հոյակապ ձեւ մը, որպէսզի անոնց թիւը շատանայ, եկողը յաճախակի կերպով վերադառնայ, եւ Հայաստանի մասին լաւ կարծիքներ տարածուին դուրսը…
հետաքրքրականը այն է թէ արդեօք ինչո՞ւ կը վարուին այսպէս… կարծես ձեւով մը վրէժ առնել կ’ուզեն այցելուէն, նոյնիսկ եթէ այդպէսով հիմնական վնաս են բերելու իրենք իրենց, իրենց ապրած երկրին, ուղղակի իրենց աշխատանքին… որքան զօրեղ է ատելութեան ուժը…
Ինքնախաբեությու՜ն… դա մի շատ հասարակ բառ է, բայց նրա մեջ թաքնված են մարդու բոլոր թշվառությունները: Տեսնում ես մեկը հիմար է, բայց կարծում է, թե խելք ունի: Մյուսը երկչոտ է, կարծում է, թե առյուծի սիրտ ունի: Երրորդը ոչինչ չէ սովորել, բայց իրան հանճար է երեւակայում: Չորրորդը չարագործ մեկն է, բայց իրան առաքինության տիպար է համարում: Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեությունից: Ինքնախաբեությունը մի աչք միայն ունի, և նա ամեն բան լավ կողմից է տեսնում: Նրա մյուս աչքը կույր է տգեղություններ, այլանդակություններ և մոլություններ տեսնելու համար: Եվ այս պատճառով այն թշվառականը, որ մի այդպիսի ողորմելի դրության մեջ է գտնվում, միշտ գոհ է իր վիճակից, որովհետև իր մեջ թերություններ չէ տեսնում: Եվ դրա համար նա միշտ անշարժ է մնում. ոչ մի ձգտում դեպի առաջադիմություն և ոչ մի պահանջ կյանքից չունի. իրան ամեն բանով լիացած է համարում: Ինքնախաբեությունը բարոյական ինքնասպանություն է. մի մեռելություն է, որի մեջ մարդկային բոլոր կրքերը հանգիստ են…
1883թ