Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դուք Ջդրդուզում եղե՞լ եք, Շուշիում. այ, դրայվը այնտեղ է»

Հունիս 29,2017 15:30

Մարգարիտ Եսայանը՝ շշեր նետելու ընդդիմադիրների
սպառնալիքների եւ կառավարության չխփած գոլերի մասին

– ՀՀ կառավարության 2017-2022թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներն ասում էին, որ այս ծրագիրն էապես տարբերվում է նախորդող բոլոր կառավարությունների ներկայացրած ծրագրերից՝ թե՛ բովանդակությամբ, թե՛ հստակությամբ եւ թե՛ գերակայություններն ու առաջնահերթությունները իրականացնելու հստակ ժամկետներով. «Կառավարության ծրագիրը համընդգրկուն է»։ Վերջին 18 տարում ՀՀԿ-ն 7 վարչապետ է փոխել: Ինչո՞ւ ՀՀԿ ձեւավորած նախկին կառավարությունները չեն կարողացել լավ ծրագիր գրել, եւ ինչո՞ւ դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

– ՀՀ 14-րդ կառավարության ծրագիրը իրոք բացառիկ է, նախ՝ ինչո՞ւ եք «մոռանում», որ մեր երկրում փոխվել է երկրի գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը, փոխվել է երկրի կառավարման համակարգը, երկիրը աստիճանաբար խորհրդարանական կառավարման գնալու ճանապարհին է, հետեւաբար պիտի նաեւ նոր կառավարության ներկայացրած ծրագիրը լիներ էականորեն տարբերվող, եւ մենք հենց սրա մասին էինք խոսում խորհրդարանում, մեր ելույթներում։ Ինքս իմ ելույթում ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ մի փնտրեք կատու այնտեղ, որտեղ այն չկա, մանավանդ՝ սենյակն էլ մութ չէ, եւ կառավարության, իշխանության բոլոր ծրագրերը, քայլերը եւ գործողությունները բաց են, հրապարակային եւ անսքող։ Մինչ այժմ աշխատած բոլոր, գրեթե բոլոր կառավարություններն էլ ներկայացրել են շատ լավ ծրագրեր, զարգացմանը միտված ծրագրեր, ուրիշ հարց, թե որը որքանով է կարողացել, կամ որը որքանով է հասցրել իրականացնել իր ծրագիրը։ Եղել են տարբեր պատճառներ՝ օբյեկտիվ եւ ոչ այնքան, եւ հենց այդ պատճառով էլ կառավարությունները մշտապես չեն մնացել անփոփոխ, եղել են փոփոխություններ, պաշտոնանկություններ՝ ե՛ւ աշխատանքում թերանալու, ե՛ւ ընտրությունների արդյունքում։

Սրանք մշտական գործողություններ են, եւ վստահ եղեք՝ հաջորդ կառավարությունները եւս ներկայացնելու են ծրագրեր, եւ լինելու են փոփոխություններ ու վերադասավորումներ. եգիպտական բուրգերի պես հավերժական կառավարություններ չեն լինում։ Հատկապես հիմա, երբ անցնում ենք խորհրդարանական կառավարման, երկրի խորհրդարանը ունենալու է աննախադեպ իրավասություն՝ ե՛ւ կառավարություններ, ե՛ւ վարչապետներ փոխելու իմաստով նույնպես, սակայն առաջիկա հինգ տարում ՀՀԿ-ն է խորհրդարանական մեծամասնությունը ՀՅԴ-ի հետ. սրանք ակնհայտ իրողություններ են։ Կարծում եմ՝ պատասխանեցի Ձեր հարցի նաեւ պատասխանատվությանը վերաբերող մասին, հետայսու եւս կախաղաններ չեն լինելու, խնդրում եմ այստեղ գրեք, որ ծիծաղելով ու կատակով եմ ասում, որ վաղը ինձ շատ «սիրող» որոշ ԶԼՄ-ներ չզբաղվեն ինձ «կախելով»: Սա էլ եմ հումորով ասում, եթե մեկին պետք է կախել, թող դարձյալ ես լինեմ, արդեն սովոր եմ (ժպտում է-Ն. Գ.):

– «Ծառուկյան» դաշինքում չեն տեսնում վարչապետի եւ ՀՀԿ-ի խփած գոլերը, «Ելք»-ի կարծիքով՝ վարչապետի դրայվից բան չի մնացել, նա անհավես է, անէմոցիա, անվստահ: Ի՞նչ է եղել Կարեն Կարապետյանի հետ: Վարչապետի անվստահությո՞ւնը դրդեց ընդդիմադիր պատգամավորներին իշխանության ուղղությամբ շշեր նետելու պատրաստակամությանը:

– Նախ՝ գոլեր տեսնել ցանկացողները պիտի իրենք գոնե մի քիչ գոլերից բան հասկանան, իսկ ձեր նշածները դեռ մինչեւ հիմա չգիտեն անգամ՝ գնդակը կլո՞ր է, թե՞ քառակուսի, իրենց համար երեւի անգամ՝ եռանկյունի։ Մեր մյուս գործընկերներին պիտի խնդրեմ մտահոգվեն իրենց սեփական դրայվի մասին եւ չշփոթեն «մեկ բաժակ ջրում» իրենց իսկ երազած «փոթորիկը» քաղաքական գործընթացների հետ: Եթե սպորտից խոսեցիք, հիշեցնեմ, որ վազքուղի դուրս եկած մարզիկներից հաղթում է նա, ով կարողանում է ճիշտ հաշվարկել իր ուժերը եւ վազքը սկսում է ավելի հանդարտ եւ ճիշտ շնչառությամբ: Մեր հարգելի գործընկերներից ոմանք ինչ-որ շատ շնչակտուր են սկսել. ցավում եմ, կմնան կես ճանապարհին։

Վերադառնալով դրայվին՝ դուք Ջդրդուզում եղե՞լ եք, Շուշիում. այ, դրայվը այնտեղ է, երբ ուզում ես թեւերդ բացել ու թռչել, թե չէ: Ոմանց համար դրայվը մնացել է շշեր նետելու մասին սպառնալիքի մակարդակի: Ի՞նչ ասեմ, դա էլ նրանց ոճն է։

– Ընդհանրապես, կառավարության ծրագրում բավական ցածր ցուցանիշներ են դրված, վերլուծություններն ու կոնկրետ ծրագրերն էլ բացակայում են: Տեղին է ընդդիմադիրների, կարծում եմ՝ նաեւ հանրության մեծ հատվածի անհանգստությունը, որ այս ծրագիրն էլ ՀՀ քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխի:

– Կառավարության ծրագրում դրված ցուցանիշները, թվերը, խոստումները ոչ թե ցածր են, այլ իրատեսական: Հետեւաբար՝ իրականանալի: Սա ավելի ազնիվ է, քան ցուցադրական եւ անիրագործելի խոստումները։ ՀՀ քաղաքացին, այո, պիտի հստակ իմանա՝ կառավարության ծրագրում ինչը կփոխի իր կյանքը, որ դրույթներն են, որ կլինեն օգտակար, որ ժամկետներում ՀՀ շարքային քաղաքացին կզգա իր կյանքի որակի փոփոխություն, իսկ այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ կառավարության ծրագրում ոչ միայն կան, այլեւ ամբողջ ծրագիրը հենց այդ մասին է. պիտի տեսնել դա, նայել անկողմնակալ աչքով, եւ հավատալ, վարչապետը այդ մասին խոսեց, ներկայացրեց թվեր ե՛ւ աշխատավարձերի, ե՛ւ տնտեսական հարցերի, ե՛ւ բիզնեսի զարգացման, ե՛ւ կրթական ու մշակութային, ե՛ւ պաշտպանական ու անվտանգության հարցերի շուրջ: Իսկ ով սա չի տեսել, պիտի խնդրեմ նորից կարդալ ՀՀ կառավարության ծրագիրը եւ կարդալ ազնվորեն։

– Ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ այս ծրագիրը Կարեն Կարապետյանի եւ իր կառավարության հրաժեշտի մեկնարկն է: Սրան ի պատասխան՝ Կարեն Կարապետյանն ասաց միայն, որ ինքը պատրաստ է 2018-ին լինել վարչապետ, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ով էլ լինի վարչապետ` գործ ենք ունենալու ՀՀԿ-ի հետ, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Որքա՞ն ենք դատապարտված ապրել ՀՀԿ-ի իշխանությամբ:

– Ես լսել եմ բոլոր ելույթները խորհրդարանում եւ զարմանում եմ ոմանց զարմանքի վրա, ի՞նչ կա անհասկանալի, ինչո՞ւ եք անտեսում ակնհայտ իրողությունները։ Իրողություն մեկ` Կարեն Կարապետյանը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին տեղակալն է, կուսակցության առաջին փոխնախագահը։ Իրողություն երկու` ՀՀ վարչապետը ներկայացրել է կառավարության ծրագիրը, որը կազմված է ՀՀԿ նախընտրական ծրագրի, ՀՅԴ նախընտրական ծրագրի, ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ին խորհրդարանում հնչեցրած ուղենիշային ելույթի դրույթների վրա։ Ուրիշ ի՞նչ պիտի աներ Կարեն Կարապետյանը, որ հավատայիք եւ դրայվին, եւ խոստումներին: Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում «դատապարտված»: Ընտրողը ո՞ւմ է տվել իր վստահության քվեն, ո՞ր ուժն է ստացել մեծամասնություն ձեւավորելու իրավունքը, ո՞ր ուժն է այսօր ձեւավորել կառավարություն ՀՅԴ-ի՝ կոալիցիոն գործընկերոջ հետ։ Պատասխանները ակնհայտ են, ուրեմն նորից եմ խնդրում՝ չեղած տեղում չեղած բաներ մի փնտրեք, չեք գտնելու, որովհետեւ դրանք չկան։

– Հերթական կարկուտից հետո տուժած գյուղացիները փակեցին մայրաքաղաք տանող ճանապարհը՝ իրենց խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար: Սա առաջին դեպքը չէ եւ ապացուցում է, որ տեղական իշխանությունը՝ մարզպետարանը, չի աշխատում: Կառավարության ծրագրով առաջիկա հինգ տարում պետական համակարգի արդիականացում է նախատեսվում: Սա ինչքանով եւ ինչպես կվերաբերի մարզպետարաններին: Կառավարությունը օպտիմալացնում է բազմաթիվ օղակներ, սակայն չի օպտիմալացնում այն, ինչի մասին առաջին տարին չէ, որ խոսում են փորձագետներն ու քաղաքական գործիչները՝ իրավապահ համակարգ եւ պետական ծառայողական մեքենաներ: Ինչո՞ւ:

– Կարկուտի պատճառած վնասների մասին մեր խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը խոսեց, խնդրեց վարչապետին արագ արձագանքել, եւ վարչապետը խոստացավ: Ինքս մանրամասներին այս պահին չեմ տիրապետում, բայց հույս ունեմ, որ կարկուտից տուժած գյուղացիներին աջակցություն կլինի, կառավարության պարտականությունն է աջակցել գյուղացուն։ Իսկ արդիականացումը պիտի վերաբերի մեր կյանքի բոլոր ոլորտներին, բոլոր՝ առանց բացառության, պարզապես կլինեն ոլորտներ, որոնցում այդ արդիականացումը կլինի արագ տեսանելի, կլինեն ոլորտներ, որոնք կվերափոխվեն աստիճանաբար։

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

28.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930