Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը հետեւում է հեռվից. կարծես այն ամենը, ինչ կատարվում է, իրոք հեռվում է»

Հունիս 29,2017 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, ԱՄՆ նախագահի` Մերձավոր Արեւելք կատարած այցից հետո մի շարք երկրներ Կատարի հետ դիվանագիտական կապերը խզեցին: Ինչո՞ւ դա տեղի ունեցավ, ի՞նչ պատճառներ են հիմքում:

– Պատճառները մի քանիսն են: Կատարն ինքնուրույն խաղ է խաղում տարածաշրջանում: Այն նաեւ որոշ հարաբերություններ ունի Իրանի հետ: Այդ փոքրիկ երկիրն իր տարածքով տասնյակ անգամներ զիջում է Սաուդյան Արաբիային, սակայն իր անսպառ գազային ռեսուրսների շնորհիվ աշխարհի ամենահարուստ պետություններից մեկն է: Ծոցի երկրներում բացարձակ առաջնություն ունեցող արաբական միակ միապետությունը Սաուդիան է, որ հիմա առավել քան հանդուգն եւ անհանդուրժող է դարձել ամեն այլակարծության նկատմամբ: Կատարը նաեւ իր «Ալ Ջազիրա» ցանցով քաղաքական տարբեր օրակարգեր է հետապնդում, որ չէր կարող դուր գալ մեդիադաշտում Կատարին բազում անգամներ զիջող Սաուդիային: Բացի այդ՝ վերջին տասնամյակում հատկապես կատարցիներն ու սաուդցիները իրար հակադիր երկու սուննիական հոսանքներ եւ խմբեր են ֆինանսավորել եւ հովանավորել: Կատարը բարեկամաբար է տրամադրված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության, դրա տարբեր ճյուղերի եւ թալիբանի քաղաքական թեւի հանդեպ, իսկ Սաուդյան թագավորությունը հովանավորում եւ ֆինանսավորում էր «Ալ Քաիդային», ԻՊ-ին եւ այլոց: Երկու տարի առաջ դիվանագիտական խզում արդեն տեղի ունեցավ: Հիմա սաուդցիները վաբանկ գնացին եւ ամենակոշտ մեթոդներով փորձում են Կատարին ծնկի բերել: Պահանջների շարքում են Իրանի հետ բոլոր հարաբերությունների խզումը եւ «Ալ Ջազիրայի» փակումը: Հետաքրքիր է, որ սաուդցիները այս ամենի մեջ ներքաշեցին եւ այլ սուննի պետությունների, որոնք սովորաբար միջազգային քաղաքականության մեջ ագրեսիվ չեն եւ զուսպ ու հավասարակշիռ քաղաքականության վարողներ են: Ինչ վերաբերում է Թրամփի այցելությանը, ապա սաուդցիների հետ հսկայական ռազմական գործարքի կնքումը եւ բարեկամության հավաստումները սաուդցիներին հավելյալ համարձակություն են հաղորդել, եւ հիմա նրանք այլեւս գործում են այնպես, ինչպես հատուկ է իրենց:

– Իրանը, Թուրքիան աջակցում են Կատարին: Ուշագրավ էր, որ հունիսի 18-ին կարճատեւ աշխատանքային այցով Դոհա մեկնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բին Աբդուլռահման ալ-Թանիին հանձնել է այդ երկրի ղեկավար Էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։ Այս հանդիպմանն ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Փաստորեն, Հայաստանի, Իրանի ու Թուրքիայի շահերը որոշակիորեն համընկնո՞ւմ են այս հարցում:

– Թուրքիան եւ Իրանը չեն աջակցում Կատարին: Նրանք իրենց շահերն ունեն այս հակամարտությունում: Իրանը շահում է ներսուննիական այս պառակտումից եւ փորձում է հավելյալ դիվիդենդներ շահել՝ այս փուլում որոշակիորեն սատարելով Կատարին, իսկ Թուրքիան, որտեղ իշխող կրոնական գաղափարախոսությունը գտնվում է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության դաշտում, չի կարող մենակ թողնել արաբական իր բնական դաշնակցին: Թուրքիան Կատարում վերջերս նաեւ ռազմական ներկայություն է հաստատել: Հայաստանի շահերն այս դաշտում ուղղակի բացակա են: Հայաստանը, որպես սաուդցիների կողմից արհամարհվող եւ ոչնչացման ենթակա պետություն դիտարկվող երկիր, հասկանում է, որ այս հակամարտությունում գոնե տնտեսապես կարող է մի փոքր շահել: Կատարում սննդային դժվարություններ կարող են առաջանալ, եւ Հայաստանը կարող է մասնավորապես միս եւ ջուր արտահանել: Խաղաղ պայմաններում Հայաստանը Կատարի համար բացարձակապես անհետաքրքիր մի տարածք է, որ Կատարի մերձավոր դաշնակցի՝ Թուրքիայի հակառակորդն է եւ շիական ոչ բարեկամի՝ Իրանի բարի դրացին: Ստեղծված իրավիճակում ոչ թե հայ-թուրքական-իրանական շահերն են համընկել, այլ Հայաստանն է հայտնվել ձեռնտու իրավիճակում, որից, կարծես թե, փորձում է օգտվել: Փառք Աստծո, որ գոնե այս հարցում ինչ-որ փոքրիկ ինքնուրույն քայլ է կատարվում, եւ ամենայն հավանականությամբ միս ու ջուր արտահանելու համար երկիր է գործուղվել ԱԳ նախարարը:

– Պարոն Մարտիրոսյան, երկու երկրներ կան, որոնք չեն ճանաչում Հայաստանի անկախությունը` Սաուդյան Արաբիան ու Պակիստանը: Նրանք դա բացատրում են ԼՂ խնդրով, Ադրբեջանին այս հարցում անվերապահ աջակցում են: Հայտնի են Ադրբեջան-Պակիստան բարձր մակարդակի հարաբերությունները, նույնիսկ ռազմական ոլորտում: Ի տարբերություն Պակիստանի, սակայն, Սաուդյան Արաբիայի դեպքում կարելի է ասել Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ գոյություն ունեցող որոշակի կապերի մասին: Բացառապես Ադրբեջանին հաճոյանալու քաղաքականությո՞ւնն է այս երկու երկրների դիրքորոշման հիմքում, թե՞ այլ պատճառներ էլ կան: Եվ` Հայաստանի կողմից պե՞տք են քայլեր ձեռնարկվեն Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի ուղղությամբ, թե՞ պետք է հաշտվել իրավիճակի հետ ու ոչինչ չանել:

– Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ որեւէ կապեր չկան: Չկան եւ չեն կարող լինել: Իսկ Հայաստանին այդ երկու երկրները չեն ճանաչում, որովհետեւ սուննի ծայրահեղականություն են դավանում: Հատկապես՝ սաուդցիները: Ադրբեջանը նրանց հետաքրքիր է միայն որպես սուննի միսիոներների հավատատարածման համար կարեւորագույն թիրախ, որտեղ սաուդցիներն ու թուրքերը բռնել են երկրի բնակչությանը շիիզմից սուննիզմ դավանափոխելու ծրագրված ճանապարհ: Եվ հետո, ինչպես արդեն նշեցինք, սաուդցիներն իրենց ազդեցության գոտի են ուզում տեսնել նաեւ Հայաստանը, իհարկե՝ առանց հայերի: Եվ քանի որ դիվանագիտությունը նրանց համար միայն իրենցից ուժեղներին սիրաշահելով խաբելու գործիք է, ապա Հայաստանի հետ բացահայտ թշնամությունն անգամ չեն էլ թաքցնում: Պետք չէ մոռանալ, որ յոթերորդ դարում այսօրվա սաուդցիների նույնքան բարբարոս նախնիներն էին, որ ասպատակեցին եւ գրավեցին Հայաստանը՝ ոչնչացնելով եւ թալանելով այն ամենը, ինչ հարմար գտան:
Այսօրվա սաուդցիներն ավելի հավակնոտ են, ավելի կրոնամոլ, ավելի վտանգավոր եւ ավելի հաջողակ: Ավելի մեծ են նաեւ նրանց ախորժակն ու շոշափուկները: Հայաստանը արաբական-վահաբական նոր խալիֆայության երազի ճանապարհին ուղղակի մի կետ է քարտեզի վրա, որը, սաուդցիների կարծիքով, անգամ ուշադրության արժանի չէ: Պակիստանն, իր հերթին, Ադրբեջանի հետ սերտ համագործակցություն է զարգացնում: Դրա նախաձեռնողն Ադրբեջանն է, որ անշուշտ, զինտեխնիկայից բացի, նաեւ նպատակ ունի առաջիկա պատերազմի ժամանակ ներմուծել պակիստանյան ֆանատիկոսների՝ հայերի դեմ պատերազմելու համար:

Ոչինչ չանելը Հայաստանի մոդուս օպերանդի է: Եվ սաուդցիների դեմ ոչինչ անել Հայաստանում, իհարկե, չեն կարող: Փոխարենը կարող են սերտացնել հարաբերությունները հակասաուդական ուժերի հետ, իսկ դրանք քիչ չեն: Պակիստանի հարցում ամեն բան առավել պարզ է: Անհրաժեշտ է ռազմական գործակցություն սկսել Հնդկաստանի հետ եւ քաղաքականապես բոլոր միջազգային ատյաններում անվերապահորեն աջակցել Հնդկաստանին: Անհրաժեշտ է նաեւ որոշակի կապեր հաստատել Աֆղանստանի կառավարության հետ, որ լուրջ հակասություններ ունի Պակիստանի հետ: Այդ երկու ուղղություններն էլ Հայաստանի կողմից որբ են մնացել: Դրանք մասշտաբային քաղաքական երեւակայություն եւ լուրջ աշխատանք են պահանջում, որն ուղղակի չկա Երեւանում:

– Սաուդյան Արաբիայում թագաժառանգ դարձավ Մուհամմեդ Բին Սալմանը։ Ի՞նչ հնարավոր փոփոխություններ եք տեսնում Մերձավոր Արեւելքում` շահերի բախման տեսանկյունից:

– Մուհամմադ բին Սալմանը անփորձ եւ հանդուգն քաղաքական վարքագիծ է դրսեւորում: Ստացել է սաուդական կրթություն, որ եզակի է սաուդական վերնախավի զավակի համար: Արեւմուտքը միայն տուրիստական այցելություններից ճանաչող արքայազնը ակնհայտորեն պահպանել է սաուդական միջնադարյան բարքերը, եւ այդ ամենի հանրագումարում է, որ նախ՝ նախաձեռնեց Եմենի արյունոտ կամպանիան, ապա ուժգնացրեց սիրիական ծայրահեղականների մատակարարումները եւ հիմա կոպտագույն քայլերով պատժում է Կատարին: Սպասել կարելի է ամեն ինչ: Հակաիրանական տրամադրությունները Սաուդիայում աննախադեպ խորության են հասել, որ հղի է տարածաշրջանի ապակայունացմամբ: Եվ սաուդցիներն այլեւս մասնակցելու են տարածաշրջանի բոլոր կոնֆլիկտներին, այդ թվում՝ անպայմանորեն հայ-ադրբեջանականին: Վերջին տասնամյակում թագավորությունը երազանքներից անցել է գործողությունների եւ փորձում է քայլ առ քայլ իրականացնել անիրականանալի թվացող, բայց հավանական արաբական համաշխարհային նվաճման իր ծրագիրը:

– Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքում քրդերը կանցկացնեն անկախության հանրաքվե։ Ձեր կարծիքով՝ տարածաշրջանում ի՞նչ փոփոխություններ կմտցնի այդ իրադարձությունը:

– Կարեւորագույն փոփոխությունը, որ տեղի կունենա, Իրաքյան Քրդստանի անկախացումն է եւ պատմության մեջ առաջին անգամ քրդական պետության հիմնադրումը: Դա նոր ցնցումների է բերելու եւ նոր վերաձեւումների: Ներիրաքյան նոր լարումը, որ կառաջանա դրա արդյունքում, անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: Մյուս կողմից՝ Թուրքիան չի կարող այդ հանգամանքին անտարբեր մնալ, թեեւ բարեկամական հարաբերությունների մեջ է իրաքյան քրդերի հետ: Ամեն պարագայում, թեեւ լուրջ հակասություններ եւ հաճախ անգամ թշնամանք կա մի կողմից՝ իրաքյան, իսկ մյուս կողմից՝ սիրիական եւ թուրքական քրդերի միջեւ, քրդական անկախ պետությունն, այնուամենայնիվ, Թուրքիայի կողմից որպես սպառնալիք է դիտարկվում: Մանավանդ, որ իրաքյան քրդերի հավակնություններն անցնում են նաեւ Թուրքիայով՝ Արեւմտյան Հայաստանով, եւ հասնում են մինչեւ Հայաստանի Հանրապետություն:

Իսկ Հայաստա՞նը: Հայաստանն այս ամենին հետեւում է հեռվից: Կարծես այն ամենը, ինչ կատարվում է, իրոք հեռվում է:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

28.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930