Հատված Լեռ Կամսարի «Խաղք ու խայտառակ աշխարհ» ժողովածուից, 1917թ.
Ասկե ամիսներ առաջ բարեսեր ազգային մը 700 ռուբլի տրամադրեց անոր, ով ազգային հիմն մը հորինե։ Ես ըլլայի այդ բարեգործին տեղը 700-ի փոխարեն 7000 կնվիրեի` հաստատ գիտնալով, որ ոչ մեկը չպիտի հորինե ատանկ բան մը. վասնզի անհնարին է։ Անհնարին է նախ անոր համար, որ ճիշտ է, հիմնը պիտի կոչվի ազգային, բայց չի ըսած, թե ո՞ր ազգային։ Իրավ է, մեկ բառով հայ ազգ կկոչվինք, բայց ատ օտարներուն համար է, խոմ մենք մեր մեջ ալ ատանկ համառոտ անունով չենք կոչվիր։ 700 ռուբլիի լուրը առնելով, սկզբի շրջանին մտադրվեցա ես գրել այդ հիմնը, վասնզի ըսեմ, որ այդ օրերը շատ նեղն էի ու այդ դրամը շատ պետք պիտի գար ինձի։ Ըրի քանի մը փորձեր, բայց խոստովանիմ անմիջապես, որ… անհաջող։ Անհաջող այն պատճառով, որ գրելուս խիստ անոթի ըլլալով, տեքստի մեջ մտցուցի կերակուրի մը անուններ, որը միանգամայն չէր հարմարեր նման երկի մը մեջ. եվրոպացի մը եթե լսեր, պիտի դառնացած գոչեր.
-Ախպա՜ր, սա հայ ազգը ի՞նչ անկուշտ ազգ է եղեր, այսքան նպաստներ ղրկելեն ետքն ալ դեռ անոթի է…
Ավրեցի այդ փորձը եւ ուրիշ մը գրեցի. բայց այս անգամ ալ առաջինի հակառակ ծայրն դուրս եկավ։ Այդ հիմնը լիացած, հղփացած, ճարպոտ բուրժուայի երգ դուրս եկավ, որը, աղեկ գիտեմ, ոչ մեկ հայ սոց. դեմոկրատ բերանը չէր առներ։ Մնացեր էի շվարած. դեմոկրատական ոգով գրեի՝ կղերն ու բուրժուան պիտի ականջը խնուր փախչեր, դաշնակցական ոճով գրեի, անդին հնչակյանները կռնակ դարձնեին պիտի, վանեցիական ակցենտով գրեի, մշեցիները պիտի չարտասանեին։ Հետո, քանի որ հիմա կանայք ալ հավասար են, հետեւաբար՝ իրավասու այդ հիմնը երգելու, պետք էր այդ ալ նկատի առնվեր եւ զգուշանալ բաս ձայն մտցնել մեջը, իբր եւ անոնց կոկորդին օտար հնչյուն։ Ասոր վրա խորհեցա այս տարբերակներեն ընտրել այնպիսիներ, որք քիչ մը մոտ են իրար, ու նստեցնել զույգ-զույգ կամ երեք-երեք, մեկ-մեկ նստարանի վրա եւ միասին երգել։ Այսպես օրինակ, դաշնակցականները ու սոց. հեղափոխականները մեկ նստարանի վրա նստեցուցի. վերակազմյալ հնչակյանները ու հովիտականները մեկ. կանանց ու վարդապետներուն մեկ. սոց. դեմոկրատներուն նստեցուցի մենակ եւ կողքին 8-10 հոգու տեղ թողի, որ իբրեւ ինտերնացիոնալ դավանող, հրավիրե զանազան ազգերե իր ուզածները ¥վասնզի վերջինս հայ կազմակերպությանց մեջ իրեն մոտիկը ոչ մեկը ուներ¤։ Բռնեցի Համբարձում Առաքելյանի ձեռքեն, ըսի խումբի մը մեջ տեղավորեմ. տարա դաշնակցական-էսերներու քով` չեղավ, չնստեցավ, հովիտ-հնչակյաններու քով` չեղավ, կանանց-վարդապետներու քով` չեղավ. ըսի տանեմ սոց-դեմոկրատներուն քով` Բախշի Իշխանյանին հետ դոսթ է` չեղավ ու չեղավ, առանձին կուզե նստիլ եղեր։ Բարկացա, ըսի թեւեն բռնեմ դուրս հանեմ, մեկ ալ խորհեցա, որ դռան վրա պիտի պոռչտա ու կոպիտ շեշտեր մտցնե ազգային հիմնին մեջ։ Վերջապես անոր ալ աթոռ մը տվի, մտածելով թե, քանի որ Առաքելյանը մինակ է, անոր բաժին մեկ տուն հիմնը սոլո կընենք, կլմննա կերթա։ Հա, աս ալ այսպես… Հետո բերի չեզոքները, անդամալույծներն ու առհասարակ բոլոր անոնք, որոնք միմիայն մարդահամարին հաշվի կառնվին. անոնք ալ մեկ տեղ նստեցուցի. մնաց քանի մը հատուկենտ եպիսկոպոս։ Ատոնցմե Մեսրոպն ու Խորենը դաշնակցականներու գոգը դրի ¥որու վրա էսերները քիչ մը երեսնին թթվեցուցին¤, Մխիթարին ալ տվի Առաքելյանին գիրկը։
Այսպես, երբ դասավորությունը վերջացուցի, նստեցի գործի։ Եւ ի՞նչ… դեռ մեկ տուն չէի գրեր, երբ հրմշտունքը ծայր տվավ զույգերուն միջեւ, ու աթոռներեն սկսան զիրար վար գլորել։ Էսերները դաշնակցականներուն, հնչակյանները հովիտին, կանայք վարդապետներուն եւ այսպես՝ բոլորը։ Այնքան համոզեցի, խնդրեցի` թե եղբայրներ հանգիստ կացեք, մի վախնաք, ընտրություն չենք կատարեր, որ կառանձնանաք առանձին պատգամավոր տալու համար. երգ մը պիտի գրեմ ձեր վրա. ուրիշ ոչինչ` բայց ապարդյուն։ Եվ բոլոր շերտավորությունները կեցած էին անջատ-անջատ, որպես հեռագրասյուներ` իրամե հեռու։ Ասոր վրա ճարահատ, մտածեցի կազմել հիմն մը, որու առանձին մասեր նվիրված ըլլան առանձին հոսանքներու, եւ բոլոր անջատ մասերը խմբելով` կազմել կոալիցիոն ազգային հիմն մը։ Ըստ այդմ, երկու տուն պիտի նվիրեի դաշնակցության, առաջին տան մեջ պիտի երգեի իր մոտավոր ծրագիրը կամ ազգային մասը, իսկ երկրորդ տունը պիտի նվիրեի իր սոցիալիստական, համամարդկային նպատակներուն. այլ խոսքով` հեռավոր ծրագրին։ Բուրժուաներ, կղերներ ու հետադիմականներ, որք կարող էին առաջին տան մեջ տեղ ունենալ, երկրորդ տան մեջ կաթեգորիկ կերպով պիտի բացակայեին։ Հնչակյանները կունենային դարձյալ երկու տուն, մեկ՝ վերակազմյալներուն, իսկ մնացյալ բոլոր կուսակցություններուն, հոսանքներուն, փարթիներուն, հայրենակցական միությանց, սեռական միությանց, արհեստակցականներուն մեկ-մեկ տուն։ Այդպես ալ կազմեցի, բայց ի՞նչ… կուսակցական շերտավորությանց բերումով այնքան երկար դուրս եկավ այդ հիմնը, որ ազգը եթե առավոտ արշալույսին սկսեր երգել միջին արագությամբ, հաջորդ կեսօրին հազիվ ավարտեր… Խորհեցա՝ ամբողջ 8 ժամ ազգ մը բերանը բաց ձգե, ինչ է թե հի՞մն մը պիտի երգե՝ ատ ալ անհարմար է։
Չէ՜, երկար էր, շատ երկար…
«Առավոտ»
28.06.2017