Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի պատկերասրահը պետական աջակցության է սպասում.

Հունիս 29,2017 14:00

Այն վերանորոգման կարիք ունի

Վանաձորի կերպարվեստի թանգարանը հիմնադրվել է 1974 թվականին: Ի սկզբանե շենքը պետք է ծառայեր որպես կենցաղի տուն, սակայն գործկոմի նախագահ Շավարշ Վարդումյանի ջանքերի շնորհիվ այն տրամադրվեց պատկերասրահին եւ ստեղծվեց Հայաստանի պատկերասրահի մասնաճյուղը: Այնուհետեւ 1979 թվականին այն վերակազմավորվեց եւ ստացավ կերպարվեստի թանգարանի անկախ կարգավիճակ:
Արդեն 40-ից ավելի տարի է, ինչ թանգարանն իր դռները բացել է ոչ միայն վանաձորցիների, այլեւ Հայաստանից ու արտերկրից ժամանած հյուրերի համար: Տնօրինությունը վստահեցնում է, որ թանգարանն այցելուների պակաս չի ունենում: Այստեղ մուտքի տոմսը կազմում է 50-200 դրամ՝ կախված տարիքային խմբից:
«Երբ որ քաղաքում հյուրեր են լինում, միշտ իրենց բերում են մեր թանգարան: Որովհետեւ այն բավականին լավն է, իր գործերի կատարողական ու գեղարվեստական մակարդակը բավականին բարձր է: Երբ արտերկրից այցելուներ ենք ունենում, զարմացած միշտ նույն հարցն են տալիս՝ այս փոքր քաղաքում այս հզոր թանգարանը ո՞նց եք ստեղծել»,- ասում է թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը:

Թանգարանի մշտական հավաքածուն ընդգրկում է հիմնականում հայ արվեստագետների 1700-ից ավելի գործեր: Ֆոնդերը ներառում են՝ կտավներ, քանդակներ, գրաֆիկական եւ դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ: Նկարներ գնելու համար թանգարանին գումարներ չեն տրամադրվում: Ֆոնդը վերջին 15 տարում հարստացվել է յուրահատուկ տարբերակով. «Նվիրատվությունների հաշվին է ավելանում: Թանգարանի 30-ամյակը երբ որ նշեցինք, այդ ժամանակ բացեցինք ցուցահանդես եւ նկարիչներին ես խնդրեցի, որ ովքեր ցանկանում են, թող նվիրատվություն անեն թանգարանին: Նույնը կրկնեցինք 35, 40-ամյակներին: Բացի այդ, մեզ մոտ բացված բոլոր անհատական ցուցահանդեսների ժամանակ եղել է մի պայման, որ մի գործ իմ ցանկությամբ պետք է նվիրեն թանգարանին: Եվ այսպիսով մեր ֆոնդը հարստացավ 136 գործերով»,- նշեց թանգարանի տնօրենը:
Համայնքապատկան թանգարանին Վանաձորի քաղաքապետարանը, բացի տրամադրվող աշխատավարձը, յուրաքանչյուր տարի որոշակի գումար է հատկացնում նաեւ թանգարանի ընթացիկ ծախսերը հոգալու համար: «Մենք դրա շնորհիվ 2016 թվականի վերջին մեր քանդակների համար ձեռք ենք բերել նոր տումբաներ: Նախկիններն արդեն ի վիճակի չէին ծառայելու: Աստիճանների բազրիկների համար տախտակներ ենք ձեռք բերել: Աշխատասենյակների համար որոշակի գույք ենք ձեռք բերել: Նաեւ գրանտային շատ ծրագրեր ենք շահում, եւ կարողանում ենք որոշակի ծախսեր հոգալ»,-ասաց թանգարանի փոխտնօրեն Հայկուհի Ավագյանը:

65 մ երկարություն եւ 12 մ լայնություն ունեցող 3 հարկանի կերպարվեստի թանգարանն այսօր կանգնած է լուրջ խնդիրների առջեւ: Շենքը ջեռուցվում է մասամբ, ջեռուցում չլինելու պատճառով ձմռան ամիսներին թանգարանում ցուցահանդեսներ չեն կազմակերպվում: «Ամռան տոթից խուսափելու համար ֆոնդերի փոքր լուսամուտներն ենք բացում, որպեսզի օդափոխվի: Ունենք նաեւ նկարիչ-վերականգնող, որ տարվա ընթացքում բավականին նկարներ վերականգնում է: Իսկ ձմռանն ավելի դժվար է: Աշխատասենյակներում եւ սեմինարների սենյակներում գազի վառարաններ կան, ջեռուցում ենք: Բայց մնացած շենքը չի ջեռուցվում,- ասում է Փափագ Ալոյանը:
Տնօրենի խոսքով՝ մշակույթի նախարարությունում իրենց շատ լավ են ճանաչում, խնդրի մասին էլ տեղյակ են: Հույսով սպասում են բարի լուրի. «Մինչեւ պետական աջակցություն չլինի, հարցը լուծում ստանալ չի կարող: Նախկին վարչապետները, փոխվարչապետը, բոլորը եղել են այստեղ: Խոստացել են, որ մի բան կանեն, բայց հետո չի ստացվել: Հիմա առաջիկայում նոր կառավարությանը կդիմենք, տեսնենք՝ ինչ կստացվի: Մշակույթի նախարարությունը եւս տեղյակ է: Առաջին հերթին՝ 3 հարկի դիմապատը, որ ապակիներ են, պետք է փոխվի, ավելի ժամանակակից լինի: Ապակիները փոխելուց հետո նոր կարելի է մտածել մյուս հարցերի մասին: Լուսավորությունը պետք է փոխել, հատակը, ամեն ինչ պետք է փոխվի»:

Վերջին 15 տարիների ընթացքում թանգարանում կազմակերպվել է 167 միջոցառում, որից միայն 126-ը՝ ցուցահանդես: Իսկ 2013 թվականին մշակույթի նախարարության կողմից Հայաստանի համայնքային հիմնարկությունների մրցույթում Վանաձորի կերպարվեստի թանգարանը ճանաչվել է լավագույն թանգարան, ստացել նաեւ ֆինանսական աջակցություն:

 

ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

28.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930