Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգույցը, թեկուզ եւ «գորդյան», կտրվեց

Հունիս 29,2017 13:00

Վեոլիա Ջուրն աշխատում է

Էրեբունի բնակելի զանգվածում ջրամատակարարման առումով խնդրահարույց մի տեղ կար. Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1 շենքի դիմացի տարածքը:

«Արին-Բերդի» օրվա կարգավորիչ ջրամբարից դեպի բնակելի զանգված եկող ջրագծի մի ճյուղն այստեղով գնում է դեպի Ավանեսովի, Տիպոգրադյան, Խաղաղ Դոնի ու մի շարք այլ փողոցներ, սնուցում «Էրեբունի» հիվանդանոցային համալիրը: Մի խոսքով, այն կարեւոր նշանակություն ունի տարածքի ջրամատակարարման համար: Մինչդեռ թիվ 1 շենքի մոտ յուրօրինակ «գորդյան հանգույց» էր ձեւավորվել:

Պարզվում է, որ նախորդ տարիներին այդ ջրագծի մինչեւ տվյալ շենք հատվածը վերակառուցվել էր, շենքից հետո ընկած հատվածը՝ նույնպես, բայց ահա այս 21 մետրանոց միջանկյալ մասին, ինչպես ասում են, ձեռքները չէր հասել:

Գաղտնիք չէր նաեւ, թե ինչու: Նախ, պահանջվում էր հատել այդ աշխույժ երթեւեկություն ունեցող փողոցը, ինչը ինքնին դժվար ու պատասխանատու գործ էր: Դրանից բացի, ջրագիծը 4 մետր խորության վրա էր, ասել է թե՝ փորելն արդեն տեխնիկապես դյուրին չէր: Դրա համար էլ նախկինում որքան էլ վթարներ լինեին, միեւնույն է, խնդրի արմատական լուծումը միշտ հետաձգում էին վաղվան: Եվ ահա այդ «վաղը» եկավ:

Մոտ 10 օր առաջ տեղի ունեցած հերթական վթարը լցրեց Վեոլիա Ջրի համբերության բաժակը: Վերացնելը՝ վերացրեցին վթարը, բայց եւ որոշեցին այս հատվածում էլ խողովակը փոխել: Ինչպես պատմեց ընկերության «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանը, վաղօրոք սպառողներին տեղեկացրին սպասվող ջրանջատման մասին, ստացան շինաշխատանքի թույլտվություն, կուտակեցին անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսներ, եւ նշանակված ժամին տեխնիկան ու մասնագետները գործի անցան: Ընդ որում, տրանսպորտային երթեւեկությունը չխաթարելու համար փողոցը մաս-մաս քանդեցին:
Թվում էր, թե 21 մետր. ի՞նչ ծավալ է որ: Բայց խրամուղու խորությունն ու լիարժեք շինհրապարակի բացակայությունը իրենց զգացնել տվեցին: Պահանջվեց մեկ լրիվ օր՝ խնդիրը լուծելու համար: «Անցյալի մնացուկ» հանդիսացող 500մմ տրամագծով ֆիզիկապես մաշված խողովակի փոխարեն տեղադրվեց նոր՝ արդեն 200մմ տրամագծով խողովակ՝ համահունչ մինչեւ շենք ու շենքից հետո տեղադրված խողովակներին:
Հաջորդ օրը ջուրը «Արին-Բերդի» ջրամբարից «անվախ, անվարան» հոսեց դեպի բնակարաններ: Վթարներ այստեղ այլեւս չեն լինի:


«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930