Հայտնում է Օպերային թատրոնի գեղարվեստական
ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանը
Տարեսկզբից «Առավոտը» քանիցս անդրադարձել է «Մշակութային կանգառ» ծրագրին, որը նախաձեռնել եւ աջակիցների հովանավորությամբ իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ծրագրի նպատակը մարզերի բնակիչներին մշակութային անցուդարձին մասնակից դարձնելն է: Սկսած գարնանից, ամենամեծ մշակութային օջախը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Ա. Տիգրանյանի «Անուշը» (դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, ռեժիսոր՝ Ալիս Հեքիմբաշյան) ներկայացրել է Էջմիածնում, Մեծամորում, Ջերմուկում, Գորիսում եւ Շուշիում:
Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանը իր եւ արտիստների անունից ողջունելով այս ծրագիրը, նախ հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական, հավաստիացրեց, թե թատրոնի նվագախմբի, երգչախմբի արտիստներն ու մեներգիչները սիրով են հանդես գալիս մարզերում:
«Մինչ այս ծրագիրը շրջանառվում էր այն միտքը, թե ցածրորակ երաժշտություն է մատուցվում մարզերում: Ծրագրի գերխնդիրը մայրաքաղաքից դուրս բարձր արվեստ ներկայացնելն է, ինչը մեր դեպքում անմիջականորեն կապ ունի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի անվան հետ: Որոշ մարզերում տասնամյակներ շարունակ չի ցուցադրվել եւ ոչ մի օպերային ներկայացում: Պետք էր տեսնել հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը, ինչն արտահայտվում էր ոչ միայն ծափողջույններով ու բրավոներով, այլեւ շնորհակալական խոսքով»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Պարոն Շահինյանը «կանգառներով» հակիրճ ներկայացրեց ուշագրավ փաստեր: Օրինակ, ասաց, որ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վերջին անգամ «Անուշը» ցուցադրվել է 1982թ. եւ ինքն էլ որպես նվագախմբի արտիստ -ֆլեյտահար՝ 35 տարի առաջ մասնակցել է այդ ներկայացմանը:
Դիտարկմանը՝ հասկանալի պատճառով ոչ բոլոր մարզերում է հնարավոր օպերային ներկայացում ցուցադրել, պարոն Շահինյանը պատասխանեց. «Ջերմուկում օպերան ներկայացվեց բացօթյա, Մեծամորում՝ Վազգեն Սարգսյանի անվան մշակույթի տանը, որտեղ դեռեւս խորհրդային տարիներից վերանորոգում չի իրականացվել, այդուհանդերձ, ներկայիս տնօրենի ջանքերով ամեն ինչ պատշաճ վիճակում էր: Իսկ օրինակ, Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում, ողջունելի է, որ վերանորոգումից հետո դահլիճի ակուստիկան պահպանվել էր: Այստեղ խորհրդային տարիներին իրականացվում էին ռադիոյի ֆոնդային ձայնագրություններ՝ հենց հիանալի ակուստիկայից ելնելով»:
Կարեն Շահինյանը առանձնահատուկ նշեց իրենց այցը Շուշի. «Այսօր արդեն տեղի նախկին կինոթատրոնը դարձել է 350 տեղանոց բավականին ներկայանալի համերգային դահլիճ, թեեւ խնդիրներ կային, այդ թվում՝ բեմի լույսերի բացակայությունը, բայց արցախցի հանդիսատեսը այնքան էր ոգեւորված, որ խնդրում էր գոնե մեկ օր էլ մնանք»:
Դիտարկմանը, թե օպերան մարզերում միայն «Անուշ» է ներկայացնում, մինչդեռ կարելի է հանդես գալ նաեւ օպերային գրականության այլ նմուշներով եւս, մեր զրուցակիցը նշեց. «Եթե նախկինում «Անուշը» ներկայացվել է ընդամենը 45 րոպե տեւողությամբ, ապա այսօր նույն օպերան ներկայացվում է 1 ժամ 20 րոպե: Անշուշտ, սա էլ ամբողջական չէ, բայց աշխատել ենք հնարավորինս քիչ կրճատել լիբրետոյի եւ երաժշտական նյութի ծավալը: Ինչ վերաբերում է այլ ներկայացումներ ցուցադրելուն, նպատակ ունենք հաջորդ տարի ներկայացնել ոչ միայն հայկական օպերաներ, այլեւ թատրոնի խաղացանկում տեղ գտած համաշխարհային օպերային գրականության նմուշներ: Մաեստրո Օրբելյանի հետ մտածել ենք բալետային ներկայացում ցուցադրելու ուղղությամբ եւ մտադրված ենք ձեռք բերել շարժական բեմ՝ հատուկ մարզային ներկայացումների համար»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
28.06.2017