Աշխարհի տարբեր երկրներում մի շարք ընկերություններ երեքշաբթի օրը հայտնվեցին կիբերհարձակման ներքո։ Տարածված համակարգչային վիրուսը արգելափակել էր համակարգիչների հիշողությունը՝ պահանջելով վճարումներ կատարել դրանց հասանելիությունը վերականգնելու համար։
Եվրոպական մի շարք երկրներում ու ԱՄՆ-ում, ինչպես նաեւ աշխարհի այլ երկրներում բազմաթիվ ընկերություններում երեքշաբթի օրը մեծ արագությամբ տարածվեց համակարգչային մի վիրուս, որը քարացրեց համակարգչային տվյալները եւ ինտերնետային համակարգը՝ դրանց հասանելիությունը վերականգնելու համար պահանջելով 3ՕՕ դոլար՝ Բիթքոին թվային արժույթով։
Ինչպես կիբերանվտանգության հարցերով ֆրանսիացի փորձագետ Ջերոմի Բիլոյն է ասում,
«Մինչ այժմ մեծ հարց է, թե ինչպես վիրուսն աշխարհի մակարդակով տարածվեց այդ արագությամբ։ Մասնագետներն այժմ աշխատում են այդ ուղղությամբ»։
Այս կիբերհարձակման թիրախ էին ընտրվել նաեւ Ռուսաստանի նավթարդյունահանող ամենախոշոր «Ռոսնեֆտ» ընկերությունը եւ բրիտանական խորհրդատվական խոշոր մի գործակալություն։ Ամենամեծ հարվածն ուղղվել էր ընդդեմ ուկրաինական ընկերությունների։
Հիշեցնենք, որ միայն մեկ ամիս է անցել այն օրից, երբ աշխարհի տարբեր անկյուններում ընկերությունները հայտնվել էին «Ուոնաքրայ» անվանումը կրող վիրուսի թիրախում։ Փորձագետներն ասում են, թե նման հարձակումների վերջը չի երեւում եւ այն կարծիքը հայտնում, որ դրանց թիվն ավելի է մեծանալու։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի կայքում: