Այսօր՝ հունիսի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում պետք է կայանար Գրիգոր Մաթեւոսյանի դատավարությունը: Սակայն նիստը չի կայացել: «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից դատարան ուղարկված գրության մեջ նշվել է, որ Գ. Մաթեւոսյանը մեկ շաբաթ հացադուլի մեջ է, ֆիզիկապես թույլ է, չի կարող դատական նիստին ներկայանալ: Նշենք, որ Գ. Մաթեւոսյանը դրանից առաջ եղել է դատապարտյալների հիվանդանոցում: Ամբաստանյալի վատառողջ լինելու պատճառով նշված դատավարության հունիսի 6-ի նիստը եւս չի կայացել:
Բերդ քաղաքի 26-ամյա բնակիչ Գրիգոր Հրայրի Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտի 18-ի ուշ երեկոյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի վարչական տարածքում գտնվող Տավուշի ջրամբարի թերակղզու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի, 39-ամյա Վրեժ Բաբկենի Մաթեւոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ՝ ձեռքին եղած դանակով հարվածել է նրա հետանցքի շրջանին՝ պատճառելով հետանցքի շրջանի ծակած-կտած վերք՝ ձախից, արտաքին արյունահոսություն, 3-4 աստիճանի կոմբինացված շոկ, ագոնալ վիճակ:
Դրանից հետո Գ. Մաթեւոսյանը Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա Գագիկ Արթուրի Ճաղարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային եւ հետին երեսին, սպանել նրան: Գ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը») եւ 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Նա 2016թ. մարտի 20-ից գտնվում է կալանքի տակ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ