Այսօր Գյումրի այցելած գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ Առափիի գյուղապետ Ալբերտ Այվազյանը նախարարից խնդրեց օգնել իրենց բանջարաբոստանային կուլտուրաների իրացման հարցում։ Գյուղապետն ասաց, որ իրենց համայնքը 30-40 տարի է զբաղվում է բանջարանոցային կուլտուրաների արտադրությամբ, սակայն 3-րդ տարին է իրացման լուրջ խնդիր ունեն։
«Հիմա այս պահին համայնքում շուրջ 40 տոննա համեմի սերմնացու կա կուտակված, 30-40 տոննա կտավատ կա կուտակված, որը մենք չեն կարող իրացնել հատկապես մաքսային միություն մտնելուց հետո։ Ներկրողներն ազատ ներկրում են այն քանակությունը, որ մեր հանրապետությանը պետք է, դեռ մի բան էլ ավել և մեր տեղի արտադրածը մնում է պահեստներում»,- բողոքեց գյուղապետը։ Նախարարը հետաքրքվեց, թե նրանց սերմն ավելի՞ թանկ է նստում, քան դրսում արտադրածը։ Գյուղապետը պարզաբանեց, որ դրսում էժան է նստում, քանի որ այնտեղ թե՛ պարարտանյութն է էժան, թե՛ դիզվառելիքը։
Իգնատի Առաքելյանը հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ է էժան, գյուղապետն ասաց, որ գինը նույնն է։ Նախարարը հարցրեց՝ բա՞ ճանապարհածախսը։ Գյուղապետը շարունակեց պնդել, որ Ռուսաստանում ավելի էժան են թե՛ պարարտանյութը, թե՛ դիզվառելիքը, ինքը հստակ տեղեկություն ունի, ակտիվ կապերի մեջ է, հետևաբար և ճանապարհածախսն էլ հաշվարկած նույն գինն է գալիս։
Իգնատի Առաքելյանը գյուղապետին առաջարկեց գնալ նախարարություն ու քննարկել իրացման հարցը, միաժամանակ գյուղապետից հետաքրքրվեց, թե ովքե՞ր են ներկրողները, արդար ճանապարհով են ներկրո՞ւմ։ Գյուղապետն ասաց, որ չի ճանաչում նրանց, սակայն եթե արդար լիներ, այս վիճակը չէր լինի։
Գյուղնախարարի հետ հանդիպումից հետո գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի գյուղեր լուրջ քանակությամբ կտավատ, չաման ու բանջարանոցային կուլտուրայի սերմեր ունեն արտադրած։ Ըստ նրա, ԵՏՄ մտնելուց հետո նշված ապրանքները չեն մաքսազերծվում ու դա ազդում է իրենց ապրանքի իրացման վրա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ