Այսօր Գյումրի այցելած գյուղնախարար Իգնատի Առաքելյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագրած մեծ դրամական միջոցները որտեղի՞ց է ձեռք բերել։ Օրինակ՝ նախարարի ներկայացրած տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի մոտ 48 մլն ՀՀ դրամ, 150 հազար ԱՄՆ դոլար եւ 48 հազար եվրո։
Նախարարը, ըստ վերոհիշյալ փաստաթղթի, հարկային տարում ձեռք բերված ու օտարված թանկարժեք գույք, այդ թվում նաև շարժական գույք չունի, սակայն տարվա վերջում 50 հազար ԱՄՆ դոլարի փոխառություն է ստացել, հարկային տարում իր ձեռք բերած 1000 եվրո արժողությամբ արժեթղթերի օտարումից էլ՝ 47 հազար եվրո։
Նախարարը նշեց, որ այդ գումարները ձեռք է բերել իր աշխատած միջոցներով։ «Իմ նախորդ աշխատանքի արդյունքն է, եթե նայեք որտեղ եմ աշխատել, քանի տարի եմ աշխատել, կարծում եմ, նորմալ է», -ասաց նախարարը։ Լրագրողներից մեկի հարցին, թե հարուստ նախարարներից եք, հա՞, Իգնատի Առաքելյանն ասաց․«Չէ, հարուստ չեմ, հլը շատ պետք ա աշխատեմ»։
Կառավարության պաշտոնական կայքում գյուղնախարարի կենսագրության մեջ նշվում է, որ նա 1998-2016 թթ.–ին եղել է Երևանի կոնյակի գործարանի «Պեռնո Ռիկար» խմբի փորձագետ հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն 2016 թ. սեպտեմբերի 20-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ