Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ օպերային երգիչ, Փարիզի Ռախմանինովի անվան ռուսական կոնսերվատորիայի դասախոս Ադամ Բարրոյին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց ֆրանսահայ մշակութային գործչի ակտիվ, ազգանպաստ գործունեությունը Սփյուռքում, հրավիրեց մասնակցելու այս տարի սեպտեմբերին անցկացվող՝ Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին և «Նաիրի» համահայկական փառատոնին:
Ադամ Բարրոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, պատմեց իր առաջիկա ծրագրերի մասին, նշեց, որ ելույթի հրավեր ունի Պալերմոյի օպերային թատրոնից, նաև մեծ համերգ է կազմակերպելու, որտեղ կհնչեն Կոմիտասի, Դեբյուսիի և Ֆալեի ստեղծագործությունները: Նպատակ ունի Ֆրանսիայում, Իտալիայում ներկայացնել Արցախը՝ «Արցախ հայկական հող» նախագծով: Երգիչը պատրաստակամություն հայտնեց մասնակցել նախարարության կազմակերպած մշակութային ծրագրերին: «Սեպտեմբերին նպատակ ունեմ հանդես գալ «Ադամ Բարրոն և ընկերները» խորագրով մենահամերգով: Ուզում եմ իմ արվեստով օգտակար լինել Հայրենիքիս», հավելեց նա:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ