Գեղամ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել, որ հանդիսանալով ՀՀ ՊՆ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ-էլեկտրիկ, կոչումով եֆրեյտոր եւ ունենալով միջնակարգ կրթություն, դասակի հրամանատարի պաշտոնը զբաղեցնելու եւ սպայական կոչում ստանալու համար անհրաժեշտ կրթական ցենզին համապատասխանելու նպատակով 2015թ. նոյեմբերին Երեւանում, գործող չպարզված անձից՝ ոմն Արամից նա 800 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել իրավունք վերապահող AB 026509 համարի դիպլոմը, համաձայն որի՝ իբր ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը եւ նրան շնորհվել է արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարություն մասնագիտացմամբ ճարտարագիտության բակալավրի աստիճան:
Նա այդ կեղծ դիպլոմի վավերացված պատճենը ներկայացրել է զորամասի համալրման բաժանմունքի պետին, անցել որակավորում, հանձնել համապատասխան քննությունները, որից հետո 2016թ. փետրվարի 22-ին պաշտպանության նախարարի հրամանով ստացել է լեյտենանտի զինվորական կոչում եւ ծառայության նշանակվել նույն զորամասում՝ որպես ինժեներատեխնիկական դասակի հրամանատար:
Գ. Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»):
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Գ. Բադալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշված քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է հունիսի 26-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ