Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանների բռնի գործողությունների կապակցությամբ ՓՊ նախագահը դիմել է ՀՀ ոստիկանապետին

Հունիս 28,2017 16:52

Հայաստանի Հանրապետության

ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ՝

պարոն Վլադիմիր Գասպարյանին

 

Հարգելի պարոն Գասպարյան,

Հայկական ժամանակի 28.06.2017թ. տեղադրված տեսանյութի համաձայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են  բռնի գործողություններ:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, …:

ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:

2012թ. փետրվարի 8-ին ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի» 1.1.3 կետի համաձայն’ կողմերը համաձայնվել են համագործակցել վարքագծի կանոնների պահպանման ապահովման կապակցությամբ’ ոստիկանության կամ փաստաբանների կողմից վարքագծի կանոնների խախտումների հայտնաբերումը, փոխադարձ իրազեկումը և պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումն ապահովելու նպատակով:

Վերոգրյալը հաշվի առնելով խնդրում ենք Ձեր հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ նշված միջադեպն ուսումնասիրելու և մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ:

 

Հարգանքով՝

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի նախագահ՝  Արա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930