Ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում ծանր վիրավորում ստացած արդեն նախկին զինվոր Ռոլանդ Սահակյանին Մոսկվայում բուժում ստանալու համար գումար կհատկացվի:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության՝ հունիսի 29-ի նիստի օրակարգից:
Պաշտպանության նախարարության՝ կառավարության հավանությանը ներկայացրած որոշման նախագծում նշված է, որ Ռոլանդն առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս ականապայթունային վնասվածք է ստացել, եւ նրա բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին պաշտպանության նախարարությանը 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 3 միլիոն 495 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Ռոլանդ Սահակյանին Ռուսաստանում բուժման մեկ կուրսի համար պետբյուջեից գումար հատկացվել էր, սակայն Ռոլանդի վերականգնողական բուժումը շարունակական պետք է լինի:
Որոշման հիմնավորման մեջ գրված է՝ «Ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից 14.03.2017թ. դրական եզրակացություն է տրվել մարտական հերթապահություն կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ, որի հիման վրա կառավարության որոշմամբ հատկացվել է 4 միլիոն, 138 հազար դրամ: ՌԴ համապատասխան բժշկական վերականգնողական կենտրոնի կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն Ռ. Սահակյանի բուժման եւ վերականգնման վերջնական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 413.700 ՌԴ ռուբլի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ