Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ եկել ձեզ կողոպտելու»․դրսից եկած ներդրողը գյուղացիներին ուզում է փրկել բանկերի թալանից (Տեսանյութ)

Հունիս 28,2017 16:14

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը։ Նա Շիրակի մարզպետարանի դահլիճում բավական երկարատև խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզի գյուղապետերի հետ, լսեց նրան խնդիրները, դժգոհությունները, առաջարկները ու միաժամանակ ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում ու Ղազախստանում գործունեություն իրականացնող մասնավոր ներդրող Վլադիմիր Պողոսյանին։ Վերջինս ասաց, որ ցավոք սրտի, 25 տարի է դրսում է, դժվարանում է հայերեն խոսել։

Ներդրողը ներկայացրեց, որ մեծ քանակությամբ գյուղմթերքների արտահանում են իրականացնում ՌԴ-ի ու Ղազախստանի տարածքից, իրենց գնորդները հիմնականում Կենտրոնական ու Միջին Ասիան են, Մերձավոր Արևելքը, բայց ամենամեծ գործընկերը Իրանն է։

Ըստ ներդրողի, Թուրքիայի հետ կտրականապես հրաժարվում են առևտրային գործընկերություն անել։ Վլադիմիր Պողոսյանը, քննադատելով Հայաստանում բանկային համակարգը, նշեց, որ հայրենիքում ամենամեծ խնդիրն այն է, որ բանկերը խելագար տոկոսներով են վարկ տրամադրում գյուղացիներին, այնուհետ սկսվում են խնդիրները, հողերի բռնագրավումը։ Նա ասաց, որ եկել է հստակ առաջարկով՝ կառավարման նոր համակարգ ներդնելու ու մարդկանց բանկերից կախվածությունից փրկելու։

«Մենք չենք եկել կողոպտելու, մենք եկել ենք օգնելու, մենք դառնալու ենք գործընկերներ, ու չենք ստեղծելու այնպիսի պայմաններ, որ դուք կախման մեջ ընկնեք ու վերխ վերցնենք ձեր հանդեպ»,- ասաց ներդրողը։ Ըստ նրա, անհրաժեշտ է համախմբվել այն ֆինանսավորողի շուրջ, որն ունի իրացման մեծ փորձ ու մեջբերեց իտալացիների օրինակը։ Ըստ նրա, ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ որակի է իտալական գյուղատնտեսական արտադրանքը աշխարհում, որը իտալացիների համախմբման արդյունքն է։ «Կողքներս Իրանն է, որն ասում է՝ ինչ հայերն արտադրեցին, մենք կգնենք, մյուս կողքներս Վրաստանն է»,- ասաց ներդրողը՝ նշելով, որ զարգացման մեծ ներուժ կա։

Գյուղանախարարն էլ պարզաբանեց, որ դա իրավաբանական գործարք է, ներդրողը պատրաստ է գյուղացիական տնտեսությունների հետ անհատական պայմանագրեր կնքելու ու իր միջոցները տրամադրելու, ֆինանսավորելու տվյալ ուղղությունը , իսկ ստացված եկամուտը, կբաշխվի ըստ պայմանագրի։ «Ամեն մի գյուղացիական տնտեսության հետ անհատական պայմանագիր է կնքվելու, ամեն մեկը կարող է մի ձևի պայմանագիր կնքել, մեկը կարող է ասել՝ ես կապ չունեմ, ինչ ուզում ես արա, ինձ էսքան փող կտաս, մեկը կարող է ասել՝ ես հավասար կարող եմ ձեր հետ մասնակցել և ես կիսում եմ բոլոր ռիսկերը։ Քանի որ դա նոր ուղղություն, նոր գործարք է Հայաստանի համար, մենք որպես նախարարություն որոշել ենք, որ մինչև վերջին քայլը ապահովելու ենք գյուղացու շահերը ու ապահովելու ենք մաքսիմալ արդարություն գործարքների մեջ։Եվ ներդրողին, իհարկե, չպետք է նեղացնել, թե դու եկել ես փող տուր, մնացածը մենք գիտենք․․․ Ներդրողը, բնականաբար իր շահերն ունի, եկել է և՛ զարգացնելու, և՛ փող աշխատելու», -ասաց նախարարը։

Նվազագույն տարածքը, որտեղ ինչ-որ բան պիտի ձեռնարկել, ըստ նախարարի, 3 հազար հեկտարն է, երկու կողք կողքի գտնվող համայնքներ կարող են միավորվել ու ապահովել պահանջվող տարածքը։

Նախարարի ասելով, ուսումնասիրելով հողերի որակը՝ կորոշեն ինչ անել։ Գյուղապետերից մեկն առարկեց, թե 3 հազար հեկտարը Ղազախստանի համար նորմալ է, բայց սա Լեռնային Շիրակի մարզն է։

«Ինչ է ասում ներդրողը, ներդրողն ասում է՝ գյուղացին էսօր հողը տանում, գրավ է դնում, գնում, աշխատում է, Աստված չանի, եթե սնանկանում է, խնդիր է ունենում բանկի հետ։ Ներդրողն հիմա ասում է՝ ես նույն բանն անում եմ, ես մասնակցում եմ ձեր աշխատանքին, ես եմ ներդրում անում և հետևում եմ, որ արդյունավետ լինի, որ փող աշխատենք և ես տոկոս չեմ ուզում»,-մեկ անգամ ևս պարզաբանեց Իգնատի Առաքելյանը։

Գյուղապետերը դեռ հստակ պատկերացում չկազմեցին այս համակարգի մասին, նրանք ասացին, որ հենց գրավոր ծրագիր կամ պայմանագիր առաջարկեն, նոր կհասկանան, թե ինչ են ուզում անել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930