ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 28-ին հանդիպել է ՉՀ արտաքին գործերի փոխնախարար Լուկաշ Կաուցկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Դրական գնահատելով հայ-չեխական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների հետ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացն ընդլայնելու եւ խորացնելու հարցում:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը եւ սատարում է Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին:
«Ի տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Արցախի ժողովուրդը կառուցում է ժողովրդավարական երկիր: Թե Հայաստանը, թե Արցախը եվրոպական արժեհամակարգի եւ քաղաքակրթության լիարժեք կրողներն են»,- ընդգծել է պարոն Շարմազանովը:
Այս համատեքստում կողմերն անթույլատրելի են համարել ռազմական հռետորաբանությունը եւ խնդրի ռազմական լուծումը:
Լուկաշ Կաուցկին դրական է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը եւ ընդգծել, որ որպես ԵՄ անդամ երկիր՝ Չեխիան պատրաստ է աջակցելու ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությանը: Չեխիայի արտաքին գործերի փոխնախարարը բարձր է գնահատել 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ ընդունելու որոշումը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն