Հուլիսի 17-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կկայանա մի բացառիկ համերգ, որին մասնակցում է Աննա (դուդուկ), Անահիտ (դհոլ) Մխիթարյաններ եւ ընկերներ թիմը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Աննա Մխիթարյանը, ծրագիրը յուրահատուկ է, բայց չցանկացավ փակագծեր բացել: Նա իրենց վերջին տարիների գործունեության մասին խոսելիս էլ ասաց. «Մտորումների մեջ ենք եւ վերջապես գտանք այն, ինչ մեզ անհրաժեշտ է…Այսինքն՝ այն թիմը, որ մեզ հետ է: Ուզում եմ առանձնացնել խմբի երաժիշտներին՝ Արեգ Առուստամյան (դաշնամուր), Գուրգեն Ամիրյան (կոնտրաբաս) եւ Ալեքսանդր Գրիգորյան (հարվածային գործիքներ): Շատ յուրահատուկ խումբ է ստացվել, մշակումները եւս գեղեցիկ են: Պահել ենք մեր ազգայինը, շեղումներ չկան, բայց նոր մոտեցմամբ ենք մատուցում ազգայինը: Ի դեպ, վերջերս մեր առաջին մենահամերգը կայացավ մեր ծննդավայր Վանաձորում, շատ գեղեցիկ անցավ, շատ բուռն ընդունեցին մեզ լոռեցիները: Ծրագիրը նույնն էր, այնտեղ նաեւ Կոմիտաս է հնչել»: Նրա ձեւակերպմամբ, երաժիշտները պրոֆեսիոնալ են, ու իրենք, ի դեմս նրանց, թիկունք են զգում բեմի վրա:
«Երեւանյան համերգին անակնկալներ կլինեն, անգամ ջազային համար ունենք, որը միքսել ենք ժողովրդականի հետ…Հետաքրքիր է ստացվել, գուցե քննադատողներ գտնվեն: Կարծում եմ, որ հետաքրքիր ծրագիր է ստացվել»,-ասաց Աննա Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Մխիթարյան քույրերը կարծրատիպեր են փշրել` նվագելով «տղամարդկային» գործիքներ: Աննա եւ Անահիտ Մխիթարյանները նաեւ հայկական իրականության մեջ առաջին անգամ ժողգործիքներով նվագակցել են Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Գրիգոր Խաչատրյանի «Մեդեա» ներկայացման ժամանակ` բեմադրված ըստ Եվրիպիդեսի «Մեդեա» ստեղծագործության:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
28.06.2017