Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ներդրումներ ներգրավել (Տեսանյութ)

Հունիս 28,2017 15:24

«Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունների կարեւորագույն խնդիրն առաջիկա տարիներին լինելու է նոր ներդրումների փնտրտուքը: «Առանց լուրջ, շոշափելի ներդրումային մթնոլորտի փոփոխության եւ ներդրումների աճի, մենք շատ դժվար ենք լուծելու երկրի առաջ ծառացած խնդիրները»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց նա:

Բանախոսը, ի դեպ, ասում է`լուրջ հիմքեր ունի մտածելու, որ մոտակա տարիներին ԵԱՏՄ տարածքի երկրների տնտեսությունները լուրջ աճ են արձանագրելու: «Որպեսզի մեր տնտեսությունում ապահովվի առաջընթաց, պետք է փորձել գտնել նոր ճանապարհներ՝ նոր գործընկերներ, նոր ներդրումներ, նոր գործընթացներ»,- ասաց նա`վստահություն հայտնելով, որ ՌԴ-ն էլ է լուրջ ներդրումներ անելու ՀՀ-ում:

ՀՀ-ում ներդրումային դաշտն արդյունավետ դարձնելու համար, Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետները երկար քննարկել եւ որոշ առաջարկներ են մշակել`ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում նոր աշխատաոճի կազմակերպման առումով: Այդ առաջարկները մինչև սեպտեմբեր կներկայացվեն հայաստանյան հիմնական քաղաքական ուժերին: «Եթե դրանք ընդունվեն, ապա շատ լավ և մենք կաջակցենք, իսկ եթե չեն ընդունվի, ապա միևնույն է դրանք օգտակար են որպես առաջարկություն, քանի որ դրանց նպատակն ազնիվ է՝ հզորացնել Հայաստանը»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Առաջարկները հետեւյալն են. Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները կարծում են, որ Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովին կից կարելի է ստեղծել գիտափորձագիտական խորհուրդ: Նման խորհուրդ գործել է 2008-2009 թվականներին, սակայն այն կարևոր չի դիտարկվել և գործընթացն ընդհատվել է: Բայց որակյալ փորձագետներից, լուրջ գիտնականներից, հասարակական դաշտում ճանաչված և սիրված մարդկանցից բաղկացած այդ փորձագիտական խորհուրդը, ըստ բանախոսի, կարող է էապես ուժեղացնել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը, նպաստել նրա սոցիալական հենարանի ձևավորմանը և նպաստել ընդունվող որոշումների, առաջարկությունների, երաշխավորությունների որակի բարձրացմանը. «Նույնը կարելի է անել Ռուսաստանում՝ ՌԴ խորհրդարանի երկու պալատներում գործող ռուս-հայկական բարեկամության խմբերին կից, հավաքելով մեկ տանիքի տակ նշանավոր փորձագետների, վերլուծաբանների, հասարակական գործիչների, որոնք մասնագիտորեն գիտեն Հայաստանն ու Հարավային Կովկասը և պատրաստ են հայ գործընկերների հետ կառուցողական երկխոսության: Եվ նրանց մասնակցությամբ անցկացնել տարին երկու անգամ նիստեր»:

Երկրորդ առաջարկը վերաբերվում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի եւ ՌԴ խորհրդարանների տնտեսական հանձնաժողովների համատեղ նիստեր գումարելուն: Նման փորձ նախորդ խորհրդարանում եղել է եւ բավական արդյունավետ: «Մենք կարծում ենք, որ մեր երկիրը, որը հռչակել է նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը, որին օդի ու ջրի պես պետք է լուրջ, նոր ներդրումներ, իրավունք ունի հայացքը նախևառաջ ուղղելու իր ռազմավարական դաշնակցի ՝ ՌԴ ուղղությամբ, գտնելու այդտեղ պետական և ոչ պետական սեկտորի նոր, էական շոշափելի ներդրումներ: Եվ այդ ներդրումները ստանալու ճանապարհին կարևոր քայլ է նաև մեր առաջարկած երկու խորհրդարանների տնտեսական հանձնաժողովների տարեկան մեկ անգամ արվող նիստը, որը կդառնա լուրջ խթան նոր ներդրումներ ներգրավելու համար»,- ասաց նա:

Մանրամասները`տեսանյութում

Երրորդ առաջարկը գիտական ոլորտին է վերաբերվում: ՌԴ գիտության ակադեմիայի համակարգում դեռ 2010-ական թվականների սկզբին ստեղծվեց Եվրասիական ինտեգրման հարցերով խորհուրդ, որը գլխավորում էր ակադեմիկոս Գլազյևը և որի նպատակն էր համակարգել գիտական հետազոտություններն ու ակադեմիական պոտենցիալը՝ ծառայեցնելու համար եվրասիական ինտեգրման խնդիրներին:

«Կարծում ենք, որ ՀՀ Ազգային գիտությունների ակադեմիայում ժամանակն է ստեղծել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին նվիրված խորհուրդ, որը նպատակ կունենար համակարգել ՀՀ ակադեմիայում և համալսարանական ակադեմիական գիտության ներուժը ինտեգրացիայի խնդիրները լուծելու, ինտեգրացիոն նոր պոտենցիալ հայտնաբերելու և այն Հայաստանի ուժեղացմանը ծառայեցնելու խնդիրները: Խորհուրդը կարող է համագործակցել ՌԴ գիտությունների ակադեմիայի և եվրասիական տարածքի մյուս ակադեմիական կենտրոնների հետ»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Ըստ բանախոսի, առաջիկա ամիսները լուրջ փնտրտուքների ժամանակ է լինելու և լավ կլիներ, եթե արևմտյան դաշտում աշխատող հայաստանյան հասարակական կազմակերպությունները նույնպես ակտիվացնեին իրենց գործողություններն այս ուղղությամբ, նկատի ունենալով, որ նոյեմբերին ստորագրվելու է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Ի՞նչ նոր ձևաչափերով կարելի է ուժեղացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը, նոր ներկայանալի կառույցներ ու հարթակներ ստեղծել, որոնք կնպաստեն Հայաստանի իմիջի բարձրացմանը, օրինակ, Եվրոպայում և կարողանային նպաստել եվրոպական ներդրումների ծավալների զգալի աճին հայկական տնտեսության մեջ. սրանք այն հարցերն են, որոնց վրա Արամ Սաֆարյանն ուշադրություն է հրավիրում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930