Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Ողջունում ենք կոռուպցիոն սկանդալների հարցով հետաքննության մարմնի ստեղծումը»

Հունիս 28,2017 15:19

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստում

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ -ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ նիստում՝ «Կառավարման ոլորտում անաչառության խթանումը՝ որպես քաղաքական կոռուպցիայի դեմ պայքար» հարցի քննարկման ժամանակ, ելույթ է ունեցել ԵԺԿ խմբի անունից:

«Հարգելի գործընկերներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկուցող պարոն Միշել Նիկոլետտիին շատ հետաքրքիր զեկույցի եւ առաջարկների համար:

Ինչպես Ջո Բայդենը մեկ անգամ նշել է. «Կոռուպցիայի դեմ պայքարը միայն լավ կառավարումը չէ: Դա ինքնապաշտպանություն է: Դա հայրենասիրություն է»:

Զեկուցողն արդարացիորեն նշել է իր զեկույցում, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր առանձնահատկություններից է քաղաքական եւ մշակութային այնպիսի միջավայրի խթանումը, որը կնպաստի կոռուպցիային դիմակայող հասարակության կայացմանը: Իրականում, եթե մենք դիտարկենք միջազգային համաձայնագրերը՝ Ջակարտայի սկզբունքներից մինչեւ ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան», ապա կտեսնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում առկա է երեք բաղադրիչ. կրթություն, կանխարգելում եւ պայքար: Իրականում մենք պետք է սկսենք հենց թիրախավորված կրթությունից եւ շարունակենք այդ ուղին:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ կցանկանայի ձեզ ներկայացնել իմ երկրում կատարված մի շարք կարեւոր զարգացումներ՝ ուղղված այս խնդրին: Երկու շաբաթ առաջ մենք ստեղծեցինք կոռուպցիայի կանխարգելման անկախ եւ ինքնավար հանձնաժողով: Առաջին անգամ նախատեսել ենք ստեղծել ազդարարների պաշտպանության մեխանիզմներ, որոնք լիովին համապատասխանում են Վեհաժողովի որոշումներին: Նախատեսվում է ստեղծել մեկ միասնական էլեկտրոնային հարթակ, որն հնարավորություն կտա ազդարարներին անանուն կերպով հաղորդում ներկայացնել հանցագործությունների վերաբերյալ: Մենք ավելացրել ենք այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց թիվը, ովքեր գույքի, եկամուտների եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն ունեն: Ավելին՝ քրեականացվել է ապօրինի հարստացումը, եւ կանխիկ գործառնությունները սահմանափակվել են: Նման առաջադիմական կարգավորումների ցանկը կարելի է շարունակել:

Հարգելի գործընկերներ, այս դահլիճում կոռուպցիայի մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ այն կոռուպցիոն սկանդալներին, որոնք առնչվում են այս Վեհաժողովի մի շարք անդամների հետ:

Դժբախտաբար, կոռուպցիան միայն գաղափար կամ թեմա չէ. այն ունի դեմք, ունի իր հասցեատերերը: Ցավոք սրտի, մենք լուրջ չէինք վերաբերվում այդ երեւույթին եւ դիտարկում էինք այն միայն որպես բամբասանք, որպես հնարավոր ճնշում մեր կարծիքի վրա, երբ խոսում էինք այդ մասին:

Բայց փաստն այն է, որ մենք այժմ այդ մասին խոսում ենք բացեիբաց` ի հակադրություն մի քանի տարի առաջ եղած իրողության, երբ շատ զգուշավորությամբ կամ վերապահումներով էինք խոսում այդ մասին: Ես չեմ ուզում ընդունել, որ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք կոռուպցիոն սկանդալներն են, կարող են ստվերել այն արժեքները, որոնք մենք կրում ենք: Անկասկած է, որ այստեղ յուրաքանչյուրը ներկայացնում է իր երկրի շահը, բայց ես հավատում եմ, որ բոլորս այստեղ ենք պատվիրակվել ոչ միայն պաշտպանելու մեր ազգային շահերը, այլեւ մենք ունենք մեկ ընդհանուր առաքելություն՝ սերնդափոխության առաքելությունը: Մենք այս Վեհաժողովում ենք այն անկյունքարային արժեքների շարունակականությունը ապահովելու համար, որոնք հաստատվել են Վեհաժողովի հիմնադրումից՝ 1949 թվականից ի վեր: Ի՞նչ ենք մենք փոխանցելու մեր սերունդներին: Հուսով եմ՝ ոչ կաշառելու եւ այդ կերպ հարցեր լուծելու սկզբունքն ու ընթացակարգերը:

Հարգարժան գործընկերներ, այսօրվա քննարկումը այն բանի վկայությունն էր, որ մեր մեծամասնության դիրքորոշումն է` պահել մեր հիմնական արժեքները եւ այս օրրանը սկզբնական տեսքով:

Այդ իսկ պատճառով մենք շատ կարեւորում եւ ողջունում ենք կոռուպցիոն սկանդալների հարցով հետաքննության մարմնի ստեղծումը»:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930