Այսօր ԱԺ-ում լրագրողները Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին բողոքեցին, որ տարբեր իրադարձությունների ժամանակ ոտնահարվում են լրագրողների իրավունքները եւ պատիժներ չեն լինում: Հարցին՝ սա համարում եք ձեր աշխատանքի թերացման արդյո՞ւնք, թե՞ վերեւներից չկա համապատասխան հրահանգ, որ խախտում կատարողները պատժվեն՝ Արման Թաթոյանը պատասխանեց, որ եթե իր աշխատանքի թերացում համարեր՝ հարցադրումը արդարացի կլիներ. «Բոլոր հնարավոր եղանակներով լրագրողների պաշտպանությունն այսօր իմ աշխատանքի ամենակարեւոր ուղղություններից է»:
Լրագրողները օրինակներ նշեցին՝ Բաղրամյան պողոտայում «էլեկտրիկ Երեւանի» դեպքերի ժամանակ լրագրողները բռնության ենթարկվեցին, հետո արդեն «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ Սարի թաղում նրանք բռնության ենթարկվեցին եւ մինչ այսօր որեւէ մեկը չի պատժվել: Հարցին՝ մենք, լրագրողներս, ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ ձեր կառույցը կարողանում է պաշտպանել մեր իրավունքները, եթե դուք միայն բավարարվում եք հաղորդագրություն տարածելով՝ օմբուդսմենը պատասխանեց, որ ամենեւին էլ հաղորդագրություններով չեն բավարարվում. «Այն, որ լրագրողները պետք է պաշտպանված լինեն երկրում՝ միանշանակ է: Հուլիսյան իրադարձությունների ժամանակ կարծում եմ խիստ գնահատականներ կան իմ արտահերթ զեկույցում, ինչի հիման վրա նաեւ առաջարկներ են ներկայացվել քրեական հետապնդման մարմիններին: Այդտեղ հետեւություններն այնպիսին են, որ լրագրողների աշխատանքին խոչընդոտելը նպատակ է նաեւ հետապնդել պատժելու նրանց, որովհետեւ բռնությունները նաեւ շարունակվել էին այն ժամանակ, երբ լրագրողները դադարեցրած են եղել անգամ իրենց աշխատանքը»: Թաթոյանը նշեց, որ այդ բռնությունները որոշ դեպքերում թիրախային են եղել՝ նպատակ հետապնդելով, որ լրագրողը դադարեցնի իր աշխատանքը:
Քրեական հետապնդման իրականացման հետ կապված օմբուդսմենը համաձայն է՝ կա խնդիր, պատասխանատվության ենթարկելու առումով պրակտիկան բավարար չէ, որ հետագայում կանխվի լրագրողների նկատմամբ բռնությունները:
Արման Թաթոյանի համար հաճախ ասում են՝ ոչ թե մարդու իրավունքների, այլ՝ ՀՀԿ-ի պաշտպան: Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ օմբուդսմենը հորդորեց ուսումնասիրել մարդու իրավունքների առաջին պաշտպանների գործունեությունը. «Կտեսնե՞ք որեւէ փոփոխություն՝ դիրքորոշումների առումով: Հասարակության մեջ ընկալումների հարցում որոշակի փոփոխություններ են անհրաժեշտ, ինչը ձեր օգնությամբ պետք է անենք»:
Լրագրողները հարցրեցին օմբուդսմենին՝ պետք է անկախ լինեք իշխանություններից, մենք ձեզ ինչպե՞ս օգնենք, որ ազատվեք իրենց ճնշումներից՝ Արման Թաթոյանը պատասխանեց, որ սուր քննադատություն է հնչեցնում, նախաձեռնություններով է հանդես գալիս, իր գործողություններից ո՞րն է վկայում կախվածության մասին: Հուլիսյան իրադարձությունների գնահատականները ամենայն խստությամբ տվել է, լիարժեք նշել է ոստիկանության գործողությունների խախտումները, դա չի կարող խոսել կախվածության մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ