Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաբանների գրպաններում ու դրամապանակում ինչ կա՝ մեզ չի հետաքրքրում». Փոլադյանը՝ փաստաբաններին զննելու մասին (Տեսանյութ)

Հունիս 28,2017 14:50

Այսօր լրագրողները դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին հարցրեցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում դատարաններում փաստաբաններին ստուգելը կարգադրիչների կողմից: Նա պատասխանեց, որ դատական կարգադրիչները իրենց լիազորությունն են իրացնում՝ զննության ենթարկելու դատարան մուտք գործող բոլոր անձանց, այդ թվում՝ փաստաբաններին, որովհետեւ բոլոր անձանց մեջ նաեւ նրանք են մտնում:

Դիտարկմանը, որ մինչ այդ նման պրակտիկա չկար՝ Փոլադյանը պատասխանեց. «Պրակտիկան եղել է, դուք չեք նկատել: Գուցե չի եղել պարբերաբար, բայց մենք աստիճանաբար հասնելու ենք այն վիճակին, որ բոլոր դատարաններում բոլոր անձինք, երբ մուտք գործեն դատարան՝ անկախ նրանից՝ մեղադրողներ կլինեն, փաստաբաններ, թե այլ անձինք՝ ենթարկվելու են զննության: Սա արվում է բացառապես դատարանում գտնվող անձանց, դատավարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով եւ դատարաններում հասարակական կարգն ապահովելու նպատակով: Որեւէ այլ նպատակ այս զննությունը իրենից չի ենթադրում»:

Լրագրողները փոխանցեցին փաստաբանների բողոքը՝ շատ նվաստացուցիչ է, երբ գրպաններից սկսած՝ ամեն ինչ դատարկել են տալիս, ասում են, որ իրենց պայուսակներում գուցե լինեն գաղտնիք պարունակող տեղեկություններ, չեն ցանկանում իրենց զննել: Կարեն Փոլադյանը պատասխանեց. «Ծանոթ եմ մամուլի հրապարակումներին, որեւէ դատական կարգադրիչի եւ որեւէ մեկին չի հետաքրքրում, թե փաստաբանների պայուսակում ինչ կա եւ նրանց դրամապանակներում ինչ կա: Սա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով, որեւէ այլ նպատակ չի հետապնդում: Ընդամենը մենք առաջարկում ենք փաստաբաններին իրենց հետ դատարան չբերել կամ գրպաններից հանել այն իրերը, որոնք առիթ են տալիս այդ սարքին ձայնային ազդանշան հանել: Մեզ որեւէ մեկիս չի հետաքրքրում, թե փաստաբանների պայուսակներում կան արդյոք փաստաբանական գաղտնիք հանդիսացող փաստաթղթեր կամ նրանց գրպաններում, դրամապանակներում ինչ կա»:

Կարեն Փոլադյանն ասաց, որ բավարար միջոցներ ունենալու դեպքում սարքեր կտեղադրվեն բոլոր դատարաններում, դա նորմալ է եվրոպական մի շարք երկրներում, որտեղ կոշիկներից սկսած մինչեւ գրպանները դատարկում են՝ դատարան մտնելու համար:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մինչ այս փաստաբանների կողմից կարգի խախտո՞ւմ եք նկատել՝ Փոլադյանը վստահեցրեց, որ ոչ:

Դատական դեպարտամենտի ղեկավարը նշեց, որ յուրաքանչյուր դատավարության ժամանակ կարգադրիչներն են որոշում՝ կա՞ դատավարության մասնակիցներին զննելու անհրաժեշտություն, թե՞ ոչ, օրինակ, կարող է լինել սպանության դեպք եւ ամուսնալուծության դեպք ու սպանության գործի ժամանակ որոշեն զննել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930