Ներկայումս քննարկվում է Պաշտպանության նախարարության կառուցվածքի լրջագույն ձեւափոխման խնդիրը: Այս մասին այդօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց նախարար Վիգեն Սարգսյանը: «Խոսքը հաստիք կրճատելու մասին չէ: Այդ փոփոխությունների արդյունքում կրճատվում են ոչ թե հաստիքները, այլ կառուցվածքային ստորաբաժանումները: Որոշ պաշտոնների դեպքում առաջարկելու ենք գործառույթն իրականացնել փոխլրացնելու եւ փոխարինելու սկզբունքով»,-մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ անգամ եթե կրճատված պաշտոնյաներ լինեն, նրանց զորքերում ծառայությունը շարունակելու հնարավորություն կտրվի. «Մարդուն փողոցում դուրս թողնելու խնդիր չունենք»: Նախարարի փոխանցմամբ՝ փոփոխություններ են նախատեսվում նաեւ Գլխավոր շտաբի կազմում, զորքերի կառուցվածքում. «Որեւէ պաշտոնի կրճատման մասին հիմա խոսելը վաղ իրատեսական չէ»:
Անդրադառնալով տեղեկություններին, թե Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը գուցե պաշտոնանկ արվի, նախարարն ասաց. «Նա կատարում է իր գործառույթները: Նման մտադրություն այս փուլում չկա եւ խնդիրը կոնկրետ անձի չի վերաբերում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ