Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եկել ենք ջարդելու ու ջարդուփշուր անելու». «Երկիր Ծիրանի» (Տեսանյութ)

Հունիս 28,2017 14:28

«Սպայկա» եւ «Արմսանպրոդակտ» ընկերություններին հող նվիրաբերելու կառավարության որոշումը «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները համարում են «ազգադավություն պետության նկատմամբ»: Այսօր «Հայացք» ակումբում կուսակցության անդամներն իրենց դժգոհությունը հայտնեցին այս գործարքի վերաբերյալ` նշելով, որ նվեր հողակտորները վարձատրություն են ընտրություններին ծախսած գումարների դիմաց:

Ըստ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Ստելա Աղաջանյանի, չնայած ՀՀ ֆինանսների նախարարությունը վեցը կետով բացասական եզրակացություն է տվել` նշելով, որ ներդրողի կողմից ոչ ծրագիր, ոչ ժամանակացույց, ոչ էլ` մոնիտորինգի ծրագիր է ներկայացվել, այդուհանդերձ կառավարությունը հապշտապ նախագիծն անցկացրել է:

Ըստ կուսակցության անդամ Գոհար Արշակյանի, նվիրաբերված հողի կադաստրային արժեքը 10 միլիոն դոլար է, որտեղ ընկերությունը 200 միլիոնի ներդրում է խոստացել. «200 միլիոն ներդրողը, մի՞ թե չէր կարող 10 միլիոն էլ վճարեր հողի համար: Կառավարությունը նվեր է տալիս այն դեպքում, երբ արդեն մեկ տարի է հաշմանդամություն ունեցող քաղաքացիներից շատերի թոշակը կտրել են, չեն տալիս, երբ երկրում այդքան անօթեւաններ կան: Էլ չենք ասում, որ հողը չի կարող նվիրաբերվել»: Ըստ Գոհար Արշակյանի, հաշվի առնելով, թե այս ընկերություններն ում են պատկանում եւ նրանց սեփականատերերն ինչ դերակատարում են ունեցել ընտրություններին, կառավարությունը որոշել է «հարսի բարեմասնություններով փեսային լավություն» անել:

Կուսակցության անդամների մոտ մի քանի հարցեր են ծագել` ինչո՞ւ «Սպայկային», ինչո՞ւ առանց աճուրդի, որոնց սակայն ոչ Երեւանի քաղաքապետարանը ոչ էլ` կառավարությունը չեն պատասխանել:

Ասուլիսին ներկա «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն ասաց, որ հասարակական տրանսպորտին առնչվող կարեւոր փաստաթուղթ են մշակել ու ներկայացրել քաղաքապետարան, սակայն մինչ այժմ որեւէ պատասխան չեն ստացել, այն դեպքում, երբ այս հարցն ավելի հրատապ էր ու լուծում պահանջող, մինչդեռ հողատարածքների նվիրաբերման հարցը կայծակնային արագությամբ է քննարկվել ու որոշում կայացվել` առանց հաշվի առնելու կուսակցության ավագանիների հորդորը՝ հարցը հետաձգելու եւ ավելի լուրջ քննարկելու:

Տիկին Խաչատրյանը նաեւ գտնում է, որ խոշոր ընկերություններին հող նվիրաբերելու կառավարության որոշումը հարված է փոքր ու միջին բիզնեսին, քանի որ այս դեպքում խոշորը ավելի մեծ քայլերով է առաջ գնալու, իսկ փոքրը կրկին չի կարողանալու մրցակցել, այսինքն` ըստ Մարինա Խաչատրյանի, կառավարությունը, որը նշում է, թե կանգնած է ՓՄՁ-ի կողքը, անհավասար պայմաններ է ստեղծում բիզնեսի համար:

«Երկիր Ծիրանի» խմբակցության Երեւանի ավագանի Սոնա Աղեկյանի խոսքով, երկու ընկերություններն էլ ծրագիր չունեն, թե իրենց խոստացված ներդրումներով ինչ են անելու:

Կուսակցության անդամներն ասացին, որ դատի են տալու Երեւանի քաղաքապետին, կառավարությանը, նշյալ ընկերություններին. «Եկել ենք ջարդելու ու ջարդուփշուր անելու»:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին կառավարությունը հաստատել է «Սպայկա» եւ «Արմսանպրոդակտ» ընկերություններին Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածք նվիրաբերելու որոշման նախագիծը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930