Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես չափել մշակույթը

Հունիս 28,2017 14:09

2016 թվականից ԵՄ՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում սկսվել է մշակույթի զարգացման ցուցիչների (ՄԶՑ) ազգային զեկույցի մշակումը, որը հնարավորություն է տալիս համաշխարհային իրադարձությունների համատեքստում դիտարկել ազգային մարտահրավերները: Ըստ այդմ, մշակույթն այլեւս չափելի է: ՄԶՑ ազգային զեկույցը մշակում է Ջեներալ Ստանդարդ Քընսալթինգը` ՀՀ մշակույթի նախարարության միջնորդությամբ և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ:

Ինչ վերաբերում է ՄԶՑ մեթոդաբանությանը, այն մշակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից եւ կիրառության մեջ դրվել 2009թ.-ից: Այդ գործիքը հնարավորություն է տալիս գնահատել պետության զարգացման գործում մշակույթի դերը, փաստերի և թվերի միջոցով ներկայացնել, թե ինչպես է մշակույթն անդրադառնում զարգացման գործընթացների վրա, հետեւաբար մշակույթի ազդեցության ներկայացումն էլ հնարավորություն է տալիս այն ներառել պետության զարգացման ռազմավարությունում: Ուսումնասիրությունը կատարվել է հետեւյալ բնագավառներում` տնտեսություն, կրթություն, կառավարում, սոցիալական մասնակցություն, գենդերային հավասարություն, հաղորդակցություն և ժառանգություն:

Մշակույթը մուրացկանի կարգավիճակում չէ

2017 թ. հունվարի 27-ին Երեւանի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կայացավ ՄԶՑ ազգային զեկույցի նախնական ներկայացումը, որն, ինչպես սպասվում էր, ուղեկցվեց արդյունավետ քննարկումներով: Միջոցառման ընթացքում անընդհատ շեշտադրվում էր, որ մշակույթը եւս չափելի է, եւ ներկայացվող թվերն էլ փաստում են, թե մշակութային ոլորտը ինչ դերակատարություն ունի երկրի զարգացման տեսանկյունից: Բարեբախտաբար, վաղուց կոտրվել է կարծրատիպը, որ մշակույթը մուրացկանի կարգավիճակում է, քանի որ այն կարող է առանցքային դեր ունենալ տնտեսության մեջ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային զարգացման ցուցիչները 7 ձեւաչափերում խմբավորվող 22 քանակական եւ որակական ցուցիչների ընդգրկուն համակարգ է: ՄԶՑ-ի նպատակն է ազգային եւ միջազգային զարգացման ռազմավարության, ինչպես նաեւ մշակութային քաղաքականության ձեւավորման համար տրամադրել փաստերի վրա հիմնված մոտեցում: Փաստաթղթից երեւում է, որ օրինակ, հայաստանյան տարրական դպրոցում ուսումնական ժամերի 16 տոկոսն է նվիրվում արվեստին, միջնակարգ դպրոցի առաջին երկու տարիների ընթացքում այդ արդյունքը կազմում է 8,33 տոկոս: Կամ ուսումնական ժամերի 38 տոկոսը տրամադրվում է լեզուներին, իսկ 27 տոկոսը՝գիտությանը: Արդյունքում՝ արվեստին տրամադրվում են քիչ դասաժամեր: Ըստ նույն հետազոտության, Հայաստանում 24 բարձրագույն ուսումնական հաստատություններ ֆինանսավորվում են պետության կողմից, որոնցից Երևանի պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տրամադրում են կրթություն մշակույթի բնագավառում: Մշակութային վերապատրաստում իրականացնող հաստատությունների զգալի մասը տեղակայված է Երևանում, չնայած մշակութային դասընթացները հասանելի են նաև որոշ պետական քոլեջներում:

Պարզվում է նաեւ, որ Հայաստանում չկան հատուկ ուսումնասիրություններ, որոնք կարող են ամբողջությամբ ներկայացնել ինքնության ձեւավորմանն ուղղված մշակութային իրադարձությունները:

Ըստ փաստաթղթի, 2015-ի տվյալներով՝ ՀՀ 1000 քաղաքացիներից միայն 170,6-ն են այցելում թատերական ներկայացումներ, 60,9-ը`համերգներ:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության մասնակցությանը մշակույթի կառավարմանը, ապա ուսումնասիրության արդյունքներով` կառավարության գրեթե բոլոր մակարդակներն ունեն մշակույթի մշտական հանձնաժողովներ: Գործադիր մարմնի աստիճանում կա մշակույթի խորհուրդ, որը մշակույթի նախարարության համար գործում է որպես փորձագիտական խորհրդատվական մարմին: Մշակույթի բնագավառի մասնագետներն ու փոքրամասնության ներկայացուցիչները ևս մասնակցում են հանձնաժողովների աշխատանքներին, սակայն նրանց առաջարկները միայն խորհրդատվական են և ոչ պարտադիր բնույթ ունեն:

 Ինչպես խթանել Հայաստանի մշակութային ներուժը

ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը, Բրիտանական խորհրդի հետ համատեղ, ուսումնասիրել է Հայաստանի մշակութային հատվածը և պարզել 3 մարտահրավերներ` զբոսաշրջության զարգացում, մշակութային կառավարման ոլորտում կադրերի պատրաստում և նախագծերի ֆինանսավորում։

Պրոֆեսոր Ռոբերտ Փիքարդը վերլուծել է մշակութային ժառանգության պահպանության, երկրի մշակութային քաղաքականության, պաշտոնական փաստաթղթերի և ռազմավարությունների հետ պետության գործողությունների համապատասխանության, գրադարանների և թանգարանների արխիվների թվայնացման ոլորտները։

Ըստ հետազոտության, Հայաստանում մշակութային ժառանգության ոլորտում զարգացմանը միտված 15 առաջարկները կենտրոնանում են հետևյալի վրա` ապացուցահեն քաղաքականություն, ցուցանիշներ, որոնք հարկ է նկատի ունենալ` քաղաքականության մշակման ժամանակ, մշակութային միջանցքներ և երթուղիներ, մշակութային ժառանգության հուշարձանների վերականգնում, կլաստերների ու ցանցերի դերը, ինտեգրված մոտեցում որդեգրելու համար անհրաժեշտ քայլեր, զբոսաշրջություն և մշակութային ժառանգության ռեսուրսներ, հմտությունների զարգացում և ուսուցում, ֆինանսական աջակցություն, ֆինանսավորման մեխանիզմներ և ֆինանսական միջոցների հայթայթում, գույքագրում, վերանորոգում և սեփականություն, թանգարանային հատված, ոչ նյութական ժառանգություն եւ բնականաբար, իրազեկության բարձրացում։

 Ֆարոյի կոնվենցիայի շեշտադրումները

Հետազոտության մեջ անդրադարձ է արվում Ֆարոյի կոնվենցիային, որը հիմնված է այն գաղափարի վրա, որ ժառանգության մասին գիտելիքները և դրա  օգտագործումը քաղաքացիների՝ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի մի մասն են, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։

Փաստվում է, որ մշակութային ժառանգությունը կարևոր դերակատարություն ունի սոցիալական կապիտալի ստեղծման և մեծացման գործում (հանրային կ յանքում քաղաքացիների մասնակցություն, կ յանքի որակի բարելավում, բազմազանության, միջմշակութային երկխոսության և պատկանելության զգացողության ակտիվացում և սոցիալական ներառականության դյուրացում, ինչպես նաև հմտությունների, գիտելիքների, ստեղծարարության և նորարարության ձեռքբերում) և հանդես է գալիս որպես գործիք ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթության, ցկյանս ուսումնառության և վերապատրաստման համար:

Այս ամենից զատ, մշակութային ժառանգությունն ունի կարևոր տնտեսական ազդեցություն, այդ թվում՝ մշակութային և ստեղծարար ոլորտներում, և հանդես է գալիս որպես հզոր ուժ տեղական և տարածքային զարգացման և կայուն մշակութային զբոսաշրջության համար, աջակցում է գյուղական և քաղաքային վայրերի վերականգնմանը և ստեղծում է զբաղվածության բազմապիսի հնարավորություններ։

Մշակութային ժառանգությունը նաեւ կոնկրետ դեր է խաղում Եվրոպա 2020 ռազմավարության «խելացի, կայուն և ներառական աճի» նպատակներին հասնելու գործում, քանի որ նպաստում է սոցիալական և տնտեսական ազդեցությանն ու էկոլոգիական կայունությանը։

Ֆարոյի կոնվենցիան շեշտում է նաեւ, որ ԵՄ-ում Եվրոպայի մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանվի և ամրապնդվի։ Այստեղ ներառվում են նաև այն ռեսուրսները, որոնք ժառանգվել են անցյալից իրենց բոլոր ձևերով և կողմերով, այդ թվում՝ նյութական, ոչ նյութական և թվային արտահայտության ձևերը, հուշարձանները, մշակութային արժեք ներկայացնող տեղանքները, լանդշաֆտները, հմտությունները, աշխատակարգերը և սովորույթները, գիտելիքը և մարդկային ստեղծագործականության արտահայտության ձևերը, հանրային և մասնավոր մարմինների կողմից պահպանված և կառավարված հավաքածուները, օրինակ՝ թանգարանները, գրադարանները և արխիվները։

Այսպիսով, Հայաստանի մշակութային ժառանգության ոլորտի մրցունակության բարձրացման մասին զեկույցի եզրակացության մեջ կոչ է արվում`

– Մշակութային ժառանգության՝ որպես  ողջ հասարակությանը պատկանող ռեսուրսի արժեքի, նշանակության, ներուժի ճանաչում տեղական, էթիկական, գեղագիտական և էկոլոգիական արժեքների հիման վրա հասարակության զարգացման համար, մասնավորապես ճգնաժամային իրավիճակներում:

– Երկխոսություն մշակութային ժառանգության շահագրգիռ կողմերի հետ՝ հատկորոշելու և իրականացնելու մշակութային ժառանգության կայուն կառա֊վարմանը և զարգացմանը միտված, համաձայնեցված քաղաքականությունները և գործողությունները, ինչպես նաև առաջ մղելու միջազգային և միջկառավարա֊կան կազմակերպությունների (մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի) հետ համա֊գործակցությունը:

– Ռեսուրսների մոբիլիզացում՝ ինտեգրված և համակողմանի եղանակներով մշակութային ժառանգության պահպանման, ամրապնդման և հանրահռչակման համար (հաշվի առնելով մշակութային, տնտեսական, սոցիալական, բնապահպա֊նական և գիտական բաղադրիչները):

-Մշակութային ժառանգությանը վերաբերող քաղաքականությունների միակցում ազգային և եվրոպական քաղաքականությունների հետ:

-Մշակութային ժառանգության և քաղաքականության այլ ոլորտների միջև սիներգիաների հատկորոշում և ստեղծում (ոլորտների ցանկը հաջորդիվ ուղ֊ղորդող է, սակայն ոչ սպառիչ՝ տարածքային զարգացում, համերաշխություն, գյուղատնտեսություն, ծովագնացություն, բնապահպանություն, էներգետիկա և կլիմայի փոփոխություններ, զբոսաշրջություն, կրթություն, հետազոտություն և նորարարություն)։

– Բոլոր առկա ծրագրերի միջոցով ֆինանսավորման հասանելիության բարելա֊վում՝ որպես կայուն տեղական և տարածքային զարգացման միասնական ռազմա֊վարությունների իրացում։

«Ստեղծարար արդյունաբերության զարգացմանը նպաստող կայուն էկոհամակարգի մշակում» զեկույցի դասերը

 ԵՄ Արեւելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ստեղծարար արդյունաբերության զարգացման զեկույցի հեղինակ Քրիստինա Ֆարինհան «Մշակույթ և ստեղծարարություն հանուն նորարարության եւ զարգացման» երեւանյան ֆորումի ժամանակ ներկայացրեց զեկույցը:

Քրիստինա Ֆարինհան երկու անգամ եղել է Հայաստանում, աշխատել է տեղական հետազոտողների, կառավարության անդամների եւ ոլորտի ներկայացուցիչների հետ` պարզելու համար, թե որոնք են երկրի հիմնական մարտահրավերները, զարգացման միտումները եւ պոտենցիալը:

Զեկույցի հեղինակը հայտնեց, որ իրենց թիրախը քաղաքականություն մշակողներն են եղել, կարեւորել են իրազեկման մակարդակի բարձրացումը: Նրա ձեւակերպմամբ, զեկույցը կարեւոր գործիք կլինի մասնագետների համար:

Քրիստինա Ֆարինհան շեշտեց, որ վերջիններս լուրջ պատկերացում ունեն ոլորտի մասին, սակայն հաճախ հստակ չեն պատկերացնում իրենց պոտենցիալ դերը ավելի լայն պատկերի համատեքստում:

Զեկույցի հեղինակը կարծում է, որ ստեղծարարության ոլորտի մասին խոսելիս պետք է անպայման հաշվի առնել միջավայրը:

Նրա համոզմամբ, ստեղծարար արդյունաբերության կարեւոր հատկանիշներից մեկը այլ ոլորտները նույնպես արժեւորելն է եւ հարաբերություններ ստեղծելը միմյանց միջեւ:

Ըստ զեկույցի, մարտահրավերներն ընդհանուր են բոլոր երկրների, նաեւ Հայաստանի համար, սակայն յուրաքանչյուր երկրում դրանք այլ կերպ են արտահայտվում, ու copy paste-ի եւ արագ լուծումների հնարավորություններ չկան, քանի որ յուրաքանչյուր երկիր իր զարգացման առանձնահատուկ ճանապարհն ունի:

Քրիստինա Ֆարինհան ընդգծեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային զարգացման ցուցիչներից դատելով, տեսնում է, որ Հայաստանում կա տաղանդ, կրթական բավարար մակարդակ, մարդկային բավարար ռեսուրսներ, ինտերնետի տարածվածության բարձր մակարդակ, Հայաստանը հայտնի է իբրեւ գիտության եւ տեխնոլոգիաների կարեւոր կենտրոն, սակայն մեր երկրում կարիք կա այդ հսկայական պոտենցիալը բիզնեսի հետ կապելու:

Նա փաստեց, որ ի տարբերություն այլ ոլորտների, Հայաստանում ստեղծարարական արդյունաբերությունը նշված չէ որպես առաջնային, կա վստահության պակաս, տնտեսությունը կախվածություն ունի արտասահմանից ուղարկված գումարներից եւ միջազգային դոնորներից, աշխատանք պետք է տարվի ենթակառուցվածքները զարգացնելու, ամենուր երիտասարդության մասնակցության մակարդակը բարձրացնելու համար, ՏՏ եւ ստեղծարար ոլորտների կիրառմամբ պետք է ստեղծել Հայաստանի բրենդը: Ըստ փաստաթղթի, պետք է ստեղծել ճանապարհային քարտեզ եւ ակտիվացնել բոլոր ոլորտների համագործակցությունը, մշակույթը պետք է կապել տնտեսությանը ու անպայման նկատի ունենալ Սփյուռքի հզոր ներուժը:

«Դուք լավ դիրքավորված եք աշխարհում, պետք է դրանից օգտվեք ստեղծարար ոլորտը զարգացնելու համար»,- նշեց զեկույցի հեղինակը:

Նա նաեւ հավելեց, որ հարկ է մասնակցային ու գիտականորեն համապատասխան քաղաքականություն մշակել ու գիտակցել, որ քաղաքականությունն իրականացնում են ոլորտի ներկայացուցիչները եւ ոչ թե նախարարությունը, նաեւ պետք է շատ էքսպերիմենտներ անել: Ինչ վերաբերում է մշակութային կառույցներին, դրանք ըստ «ախտորոշման», դեռեւս բավարար ճկունություն չունեն:

Զեկույցում նշված է, որ անհրաժեշտ է զարգացնել հովանավորչությունը երկրի ներսում: Նաեւ փաստվում է, որ Հայաստանում արվեստի ոլորտի կրթությունը ավելի շատ ակադեմիական է, երիտասարդներին կրթական հաստատություններում բիզնես հմտություններ չեն սովորեցնում, մինչդեռ դա պետք է անել փոքր տարիքից ու միշտ կենդանի պահել ստեղծարար բնազդները:

Ինչ կարելի է վերցնել այլ երկրների հաջողված փորձից

Ի տարբերություն Հայաստանի, Մեծ Բրիտանիայում մշակույթի և ստեղծարարության ոլորտները դարձել են ժամում ավելի քան 11մլն եվրո շահույթ ստանալու աղբյուր: Մշակույթի և ստեղծարարության ոլորտներն ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի 7 %-ը: Այս բնագավառները զարգանում են ավելի արագ, քան արտադրության և սպասարկման ոլորտները:

Մշակույթը և ստեղծարար ենթաոլորտները ներառում են ճարտարապետությունը, արխիվները, գրադարաններն ու թանգարանները, աուդիո-վիզուալ միջոցները (ֆիլմ, հեռուստատեսություն, տեսախաղեր և մուլտիմեդիա), նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, զարդանկարչությունը, փառատոները, երաժշտությունը, գրականությունը, կատարողական արվեստները, հրատարակչությունը, ռադիոն և վիզուալ արվեստները: Եվրամիության երկրներում այս բնագավառներում աշխատում են ամենամեծ թվով երիտասարդները` դառնալով երրորդ խոշորագույն գործատուն: ԵՄ 8,3 մլն քաղաքացիներ ապահովում են աշխատատեղերով, նրանց համախառն եկամուտը կազմում է 558 մլրդ եվրո:

Ernst & Young կազմակերպության ներկայացրած զեկույցի համաձայն՝ Ֆրանսիայում մշակութային տուրիզմից ստացված շահույթը կազմում է տարեկան 18 մլրդ եվրո, իսկ զբոսաշրջիկների ծախսած գումարի 35%-ը բաժին է ընկնում մշակույթին:

Փող բերելու առումով առաջատար են նաեւ թանգարանները: Ամենահաճախ այցելվող եվրոպական 7 թանգարաններից 3-ը գտնվում են Փարիզում եւ Լոնդոնում: Մասնավորապես 2012-ին Լուվր է այցելել 10 մլն մարդ:

Նույն զեկույցի համաձայն՝ 2011 թ. համաշխարհային շահույթի 37%-ը հավաքագրվել է համերգներից ու երաժշտական փառատոներից, այսինքն՝ կատարողական արվեստից:

Մեկ օրինակ եւս. 1997թ. Գդանսկի Զասպա թաղամասում, որը աշխարհին հայտնի է իր մոնումենտալ նկարչությամբ, հիմնադրվեց Monumental Art Festival-ը, որի հիմքի վրա էլ հետագայում ստեղծվեց City Cultural Institute-ը` Քաղաքային մշակույթի ինստիտուտը: 2011-2015 թթ. այս ինստիտուտը վերապատրաստեց 136 տեղացու, որոնք դարձան տեղական էքսկուրսավարներ ու քաղաքի տարբեր թաղամասերում անցկացրին 665 էքսկուրսիա: Ընդ որում, էքսկուրսիաներին մասնակից դարձած մարդկանց թիվը կազմեց 9710 հոգի:

Museomix-ը միջոցառում է, որն առաջին անգամ 2011 թ. անցկացվել է Ֆրանսիայում, ապա տարածվել աշխարհով մեկ: Այն միջազգային մասշտաբի եռօրյա նախագիծ է, որի շրջանակում արվեստի մարդիկ հանդիպում են մշակութային հաստատություններում: Այժմ աշխարհի 50 թանգարան մաս է կազմում այդ նախագծին: 36 ժամանոց դիզայի մրցույթում 200 օրինակելի նախագիծ է ծնվում, որին ամեն անգամ մասնակցում է 800 մարդ:

Ուժուպիսը 1990-ականներին Վիլնյուսի (Լիտվա) ամենադեպրեսիվ շրջաններից մեկն էր: Այստեղ գտնվող շենքներից մեկը անօրինական ձեւով զբաղեցվեց եւ այնտեղ ստեղծվեց արտ-ինկուբատոր, որն անվանվեց Տուն գետի վրա` House on the River: Հետագայում այն դարձավ հարթակ` ստեղծարար ինդուստրիաների կլաստերի համար: Այժմ այդտեղ աշխատում են ստեղծարար ոլորտի 300 ձեռնարկություններ, բացի այդ, հիմք է դրվել 50 բիզնեսի, որոնց նպատակն է շահույթ ստանալը մշակութային եւ ստեղծարար ոլորտներից:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930