Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անբարեխիղճ մրցակցություն՝ հեռուստատեսային գովազդի միջոցով վաճառվող ապրանքների շուկայում

Հունիս 28,2017 13:29

Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել հեռուստատեսային գովազդի միջոցով վաճառվող ապրանքների շուկայում գործող «Տելեմարկետ» ընկերության գործունեության վերաբերյալ: Մասնավորապես, նույն շուկայում գործող երկու այլ ընկերություններ՝ «ԹիՎի Տոն» (Eurotvmarket ապրանքանիշ) և «Արմաբա» (TVtrade ապրանքանիշ ) դժգոհում են վերջինիս վարքագծից՝ տեղեկացնելով, որ շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող «Տելեմարկետը» խոչընդոտում է իրենց գործունեությանը: Ըստ բողոքի, «ԹիՎի Տոն» և «Արմաբա» ընկերությունների կողմից ցանկացած ապրանք սպառողներին առաջարկելուց ժամեր անց «Տելեմարկետը» գովազդում է նույն ապրանքները՝ 50-70 տոկոս զեղչված արժեքով: Սակայն, երբ պատվիրատուները զանգահարում են, պարզվում է, որ տվյալ ապրանքը առկա չէ և հայտնի չէ, թե երբ առկա կլինի: Այսինքն, ակնհայտ է, որ, չունենալով գովազդվող տեսականին, «Տելեմարկետը» փորձում է պարզապես խոչընդոտել մյուս ընկերությունների գործունեությանը՝ ցույց տալով իբրև թե նրանց կողմից վաճառվող ապրանքներն իրականում հնարավոր է ձեռք բերել շատ ավելի ցածր գնով: «ԹիՎի Տոնը» և «Արմաբան» բողոքում նշում են նաև, որ խաթարվում է իրենց բնականոն աշխատանքը և իրենք կորուստներ են կրում գնորդների թվաքանակի կրճատումից:

ՏՄՊՊՀ կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ նմանատիպ օրինակները բազմաթիվ են, երբ, չունենալով տվյալ ապրանքը, «Տելեմարկետը» չհիմնավորված ցածր գներով գովազդում է այն: Արդյունքում, որոշ գնորդներ գայթակղվելով, պատվեր են կատարում «Տելեմարկետ» ընկերությունից, իսկ որոշ ժամանակ անց ձգձգվող ժամկետների և անորոշության պատճառով հրաժարվում են՝ անվստահություն ձևավորելով հեռուստագովազդի միջոցով վաճառվող ապրանքների հանդեպ: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, բնականաբար, նույն գործունեությունն իրականացնող ընկերությունները իրավասու են վաճառելու միևնույն տեսականին, սակայն պարտավոր են աշխատել բարեխիղճ մրցակցության պայմաններում:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում, «Տելեմարկետ» ընկերության կողմից որևէ կերպ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ իրենք սպառողներին մշտապես տրամադրում են բացառապես հավաստի տեղեկատվություն՝ գների, կիրառվող զեղչերի, առաքման ժամկետների և այլ պայմանների վերաբերյալ:

Մրցակցային օրենսդրության խախտման, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար, «Տելեմարկետ» ընկերությունը ենթարկվեց պատասխանատվության՝ ստանալով նախազգուշացում:

 

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930