«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին դահլիճից հեռացնելուց հետո խոշտանգել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կյուրեղյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Հիշեցնենք, որ այսօր դեռ նիստը չսկսած ոստիկաններն ու մի քանի ամբաստանյալ ընդհարվեցին, ինչից հետո ոստիկանները նրանց հեռացրին նիստերի դահլիճից:
«Իմ պաշտպանյալին տանելուց գցել են գետնին, հարվածել: Այս պահին էլ այնտեղից, որտեղ տարան ամբաստանյալներին, գոռգոռոցներ են գալիս, ենթադրում եմ, որ նրանց ծեծում են»,- ասաց Արա Ղարագյոզյանը:
Նրա խոսքով, իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ ահազանգել ամբաստանյալներին խոշտանգելու մասին:
Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալի ու ոստիկանների միջեւ ընդհարման պատճառը եղել է իրեն փոխանցված թուղթը, երբ Արեգ Կյուրեղյանը իրեն թուղթ է փոխանցել, ներկա ոստիկաններից մեկն այն խլել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ