Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց իր ոլորտի 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:
«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց՝ նորմա՞լ է, որ Նուբարաշեն քրեակատարողականում սարսափելի պայմաններ են, գարշահոտություն է: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, դա նորմալ չէ: Լուծումը պահանջում է երկարատեւ և շատ ռեսուրսատար աշխատանք»: Նա ասաց, որ երբ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցումը սկսել են մոտ 10 տարի առաջ նախագծել, արդեն փորձել են լուծումներ գտնել: Դավիթ Հարությունյանը նշեց «Գորիս» ՔԿՀ-ի մասին, որը կառուցել է նախանցյալ դարում եւ որպես քրեակատարողական՝ ընդհանրապես հարմարեցված շինություն չէ: Ամեն տարի դրա վրա ռեսուրսներ են ծախսում, որ բարելավում լինի: Հիմա ամեն ազատազրկվածի 3.2 քմ տարածք է բաժին հասնում: Սա անհամեմատ ավելի լավ ցուցանիշ է, քան նախորդ տարիներին է եղել:
Ինչ վերաբերում է «Նուբարաշենին», Դավիթ Հարությունյանն ասաց, որ համակարգային խնդիր ունի այն, կոյուղագծերի խնդիրներ: Եվ եթե հարց լինի՝ գումարները ներդնել կապիտալ վերանորոգման, թե՞ նոր քրեակատարողական կառուցելու առաջին փուլի վրա, ինքը կընտրեր երկրորդը. «Որովհետեւ կարկատան-կարկատան անելով՝ այդ հաստատությունը սկզբունքորեն չես պահի: Մենք կվատնենք մեր սուղ միջոցները կարկատանների վրա»:
Ինչ վերաբերում է գարշահոտությանը, Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջնահերթությունը գարշահոտությունը վերացնելը չէ, շատ ավելի լուրջ խնդիրներ կան ՔԿՀ-ներում:
Մանե Թանդիլյանն արձանագրեց՝ մի խոսքով, այդ հարցը չի լուծվելու: Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ այդ հարցի մասնակի լուծումը «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցումն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ