«Սասնա ծռերի» գործով դատական նիստը նախատեսված ժամից մեկ ժամ անց դեռ չի սկսվել: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս անգամ էլ փաստաբանների պայուսակները ստուգելու պահանջ ներկայացվեց, նրանք հրաժարվեցին:
Ավելի ուշ դատական նիստերի դահլիճում դեռ նիստը չսկսված` ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին, Մխիթար Ավետիսյանի ու ոստիկանների միջեւ միջադեպ եղավ, ինչից հետո նշված ամբաստանյալները հեռացվեցին դատական նիստերի դահլիճից: Նրանց հարազատները սկսեցին բարձր ձայնով գոռալ, հարվածել ապակիներին, ինչին հաջորդեց կարգադրիչների եւ հարազատների միջեւ հրմշտոցը:
Կարգադրիչները դահլիճից հանեցին նաեւ հարազատների մի մասին: Ամբաստանյալների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած ընդհարման պատճառը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:
մանրամասներն ավելի ուշ