«Ադրբեջանին ցանկացած զենքի մատակարարում բացասական եմ համարում, քանի որ Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է: Վերջինիս ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միայն ներքին խնդիրներով»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական մամուլի՝ օրերս տարածած տեղեկություններին, թե Ռուսաստանից հարձակողական նորագույն զինտեխնիկա են գնել, ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:
«Լինի ռուսական, թուրքական, թե իսրայելական զենք, Ադրբեջանին ցանկացած մատակարարում նոր ռիսկեր է ստեղծում»,-նկատեց նախարարը:
Վիգեն Սարգսյանը փաստեց, որ Ռուսաստանի հետ ՀՀ-ն ունի ռազմաքաղաքական փոխգործակցության սեփական ծրագիրը. «Մենք բավարարված ենք այդ ծրագրով, որը պարբերաբար ընդլայնվում է: Մենք ստանում ենք այն զենքը, որը գնում ենք ՌԴ-ում»:
Ինչ վերաբերում է Իսրայելից զենք գնելուն, Վիգեն Սարգսյանը նշեց, որ համապատասխան իրավիճակում նման քննարկում գուցե եւ լինի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ