Վերջերս Պաշտպանության նախարարությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ-հասարակական կազմակերպությունից հարցում են ստացել՝ հայտնի պաշտոնյաների որդիների՝ ծառայած լինել-չլինելու մասին: Այս մասին այսօր ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:
«48 հոգու ցուցակ էր տրված: Հարցումը գրագետ էր կազմված: Իրավունք չունենք չպատասխանել: Այսօր պատասխանը տվել ենք: 48-ից 26-ը ծառայել են, 2-ը ՀՀ քաղաքացիություն չունեն, մեկը պահեստազորի բժշկական սպա է, որը ակտիվ ծառայություն չի անցել: Վեցը տարկետման իրավունք ունի, իսկ 16-ը ազատված է ծառայությունից»,-մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:
«Կարծում եմ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հաշվի առնեն, որ հանրային ուշադրությունը իրենց ընտանիքների հանդեպ մեծ է»,-հավելեց նա:
Նախարարը նաեւ ասաց, որ զորակոչի ժամանակ պաշտոնյա լինելու փաստը հաշվի չեն առնում. «Այս պահին ունենք բարձր պաշտոնյաների զավակներ, որոնք ծառայում են նաեւ առաջնագծում. երկուսն ունեն զորացրման ցուցում՝ պայմանավորված առողջությամբ, բայց զորացրում չենք իրականացնում, որովհետեւ կստացվի՝ պաշտոնյայի երեխա է, դրա համար զորացրեցինք»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ